Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Առողջապահության նախարարը
27.05.2014
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցելության օպերատիվ առիթը օրվա երկրորդ կեսին Ալավերդու բժշկական կենտրոնի հանդիսավոր բացումանը ներկա գտնվելն էր:
Նախարարը, նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք աշխատանքային այցն սկսեցին Նանսենի անվան Սպիտակի բժշկական կենտրոն այցելությամբ: Այստեղ նրանց միացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, մարզի առողջապահական տարբեր ծառայությունների պատասխանատուներ: Դիմավորելով հյուրերին, հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը ներկայացրեց աշխատանքային իրավիճակը, նշելով, որ բուժհաստատության անձնակազմը, չնայած նյութատեխնիկական ու ֆինանսական որոշակի կարիքներին, իրենց մասնագիտական ողջ կարողությունը ներդնում են Սպիտակ քաղաքի ու տարածաշրջանի ազգաբնակչության բուժումը բավարար կազմակերպելու համար:
Ապա նախարարը, մարզպետն ու նրանց ուղեկցող անձինք շրջեցին հիվանդանոցում, ծանոթացան պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցեցին բուժանձնակազմի և հիվանդների հետ: Ընդհանուր առմամբ, առողջապահության նախարարը գոհ էր հիվանդանոցի պայմաններից, նշելով, որ սպասելիքներն ավելի են և նախարարությունը պատրաստակամ է առաջիկայում ևս հնարավորին օժանդակություն ցուցաբերել բուժհաստատությանը: Ի դեպ, նախարարին հաճելիորեն զարմացրեց հանդիպումը սիրիահայ բժիշկ Վարանդ Կիրակոսյանի հետ, որն արդեն մեկ տարուց ավելի մանկաբույժ է աշխատում հիվանդանոցում և ամենայն սիրով կատարում է իր պարտականությունները:
Այնուհետև, Արմեն Մուրադյանի, Արթուր Նալբանդյանի, նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, նախարարության աշխատակիցների, Ա.Դարբինյանի, Ս. Լամբարյանի, վարչության աշխատակիցների, մարզի բոլոր բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում:
Նախարարը նշեց, որ 2014թ. լուրջ ուշադրություն պետք է դարձվի հատկապես առողջության առաջնային պահպանման օղակին՝ բնակչության հոսքերը ստացիոնար-հիվանդանոցային բուժհիմնարկներ նվազեցնելու համար, ինչը նպատակ ունի ոչ միայն կանխելու մի շարք հիվանդությունների բարդացումը, այլև տնտեսելու պետական միջոցները: Այս մոտեցումը՝ որպես գերակա ուղղություն, ներառված է նաև ՀՀ կառավարության ծրագրում: Նա առաջնային համարեց հատկապես առողջապահական հիմնարկներում որակյալ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, որի ամենակարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի բնակչության անվտանգության ապահովումը:
Նա կարևորեց նաև բուժաշխատողների վերաբերմունքը հիվանդների նկատմամբ, հերթերի կանոնակարգման հարցը, որոնց անմիջական պատասխանատվությունը պետք է կրի հենց բուժհաստատության ղեկավարը: Նախարարը նշեց, որ այս ուղղություններով արմատական փոփոխություններ է ակնկալում, հակառակ դեպքում մոտեցումները խիստ են լինելու:
Ա.Մուրադյանը վստահեցրեց, որ քաջատեղյակ է մարզի առողջապահական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների՝ առաջնային օղակի ֆինանսավորման նվազեցմանը՝ պայմանավորված բնակչության թվի նվազեցմամբ, մասնագետ-կադրերի պակասը, նյութատեխնիկական բազայի թարմացման անհրաժեշտությունը և այլն: Խնդիրներ, որոնք, ըստ նրա, փուլառփուլ լուծում են ստանալու:
Նա բուժհիմնարկների ղեկավարներին առաջարկեց օրենքով սահմանված կարգով նաև ընդլայնել վճարովի ծառայությունները՝ բուժհաստատության ֆինանսական վիճակը մեղմելու նպատակով:
Արմեն Մուրադյանը բուժհիմնարկների ղեկավարներին անկաշկանդ զրույցի հրավիրեց՝ առաջարկելով բարձրաձայնել բոլոր կարևոր և մտահոգիչ խնդիրները, որոնք ծագում են վարչարարական և մասնագիտական աշխատանքի ընթացքում:
Նախարարին տրված հարցերից մեկը վերաբերում էր դարձյալ առողջապահության առաջնային օղակում աշխատավարձերի նվազեցմանը, ինչը հանգեցրել է նաև մասնագետ-կադրերի պակասին, ծառայությունների որակի վատթարացմանը և այլն: Ա. Մուրադյանը վստահեցրեց, որ այս տարվա հուլիսի 1-ից դրական տեղաշարժ է լինելու այս առումով՝ աշխատավարձերի բարձրացում, ֆինանսավորման ավելացում և այլն, մինչդեռ փոխվելու են նաև պահանջները առաջնային օղակի նկատմամբ: Նախարարը նշեց, որ ակնկալում է համաբուժարանային ծառայության որակի էական բարելավում: Ինչ վերաբերում է մասնագետ կադրերի պակասին, ապա ներկայում հանրապետության բոլոր մարզերի բուժհիմնարկների կտրվածքով ճգրտվում է մասնագետ կադրերի պակասը: Նախարարը նշեց, որ նաև մարզպետների օգնությամբ փորձ պետք է արվի տարբեր միջոցներով, ինչու չէ՝ նաև վարչարարական մեթոդներով համալրելու կադրերի պակասը:
Բարձրացվեցին նաև հարցեր՝ կապված գյուղական ամբուլատորիաները համայնքային կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու նախաձեռնության, պետպատվերով և վճարովի ծառայությունների մատուցման արդյունավետության, դեղորայքի գնումների, սոցիալական փաթեթների օգտագործման, ստացիոնար բուժօգնության գերակատարումների փոխհատուցման հետ և այլն:
Ա. Մուրադյանը խոստացավ բարձրացված հարցերը ևս լրացուցիչ քննարկել համապատասխան մասնագետների հետ և արդյունավետ լուծումներ գտնել:
Առողջապահության նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ նաև Վանաձորի բժշկական կենտրոնում, ծանոթացավ հիվանդանոցի պայմաններին:
Արմեն Մուրադյանը Լոռու մարզպետի ուղեկցությամբ ներկա գտնվեց Ալավերդու բժշկական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությանը, որին, ի թիվս մի շարք պաշտոնատար անձանց և հյուրերի, ներկա էին նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:
Կենտրոնը արդիականացվել է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվել է հիվանդանոցային մասնաշենքը, որտեղ տեղակայվել են թերապևտիկ, վիրաբուժական բաժանմունքները, ախտորոշիչ և համաբուժարանային ծառայությունների մի մասը: Կատարվել է շուրջ 196 մլն դրամի ներդրում:
Մասնաշենքի հագեցումը բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով իրականացվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրի շրջանակներում: Հատկացվել է ավելի քան 188 մլն դրամ աշխատանքների իրականացման համար, ապա ՀՀ Նախագահի հանձնարարությամբ որոշվել է նույն ծրագրի շրջանակներում, տնտեսված միջոցների հաշվին, իրականացնել նաև Ալավերդու բժշկական կենտրոնի եռահարկ հիմնարկի մասնաշենքի համաբուժարանային հատվածի հիմնանորոգումը (2300 քառ.մ): Այդ նպատակով «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել է ավելի քան 652,5 մլն դրամի ներդրում, որից շուրջ 163 մլն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը:
Կենտրոնը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով և այնպիսի ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք եզակի են տարածաշրջանում:
Կատարվել են տարածքի բարեկարգման աշխատանքներ, կառուցվել է շտապօգնության մեքենաների կայանատեղի: Հիվանդանոցն օժտված է նաև հեռաբժշկության հնարավորություններով:
Կենտրոնի բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկավ Արմեն Մուրադյանը: Նա կարևորեց բուժհաստատության հիմնանորգումն ու արդիականացումը՝ նշելով, որ այն կծառայի տարածաշրջանի ազգաբնակչությանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ևս, ողջունելով բուժհաստատության հիմնանորգման և արդիականացման կարևոր և ծավալուն գործըթացը, իր երախտագիտությունը հայտնեց Կենտրոնի արդիականացման բոլոր մասնակիցներին՝ ֆինանսավորողներին, շինարարներին, ենթակապալառու կազմակերպություններին: Նա հույս հայտնեց, որ առողջապահության լավագույն ավանդույթներ ունեցող Ալավերդին, նրա բուժաշխատողները խղճի մտոք և բարձր մակարդակով կիրականացնեն բնակչության առողջապահությունը՝ հավատարիմ մնալով իրենց մասնագիտության կոչմանը:
Երախտիքի խոսքեր հղեցին նաև բժշկական կենտրոնի բուժաշխատողները:
Այնուհետև, ներկաները շրջեցին հաստատությունում, ծանոթացան կատարված աշխատանքներին: