Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.05.2014

Մայիսի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Նա անդրադարձավ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում մայիսի 16-ին անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Մարզի ղեկավարը դրանցից առանձնացրեց հատկապես ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկված՝ մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցերը: Կարևորվել է հատկապես պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում մասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու և համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ նոր ուսումնական տարվա սկզբից մարզպետարանների աջակցությամբ մարզերի երեխաները ճանաչողական այցերով լինեն մայրաքաղաքում՝ այցելելով մշակութային օջախներ: Սեպտեմբերից, ինչպես նշեց Ա. Նալբանդյանը, մարզի դպրոցների բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն կտրվի լինելու նաև Կառավարությունում, ծանոթանալու աշխատանքներին: Ի դեպ, մայիսի 16-17-ը Լոռու մարզի ավագ և միջնակարագ դպրոցների բարձր դասարանների 113 աշակերտ այցելել է ՀՀ նախագահի նստավայր: Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը հայտնեց, որ երեխաները վերադարձել են վառ տպավորություններով:
Ա. Նալբանդյանը նշեց, որ նոր ուսումնական տարվա սկզբից նմանտիպ այցեր կկազմակերպվեն նաև Լոռու մարզպետարան, որպեսզի աշակերտները հնարավորություն ունենան հաղորդակցվելու մարզային գլխավոր կառույցի գործունեությանը:
Մարզի ղեկավարը տեղեկացրեց, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները ՆԶՊ առարկայից: Մարզի արդյունքներն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են եղել. մրցանակակիրների թվով Լոռու մարզը երկրորդ տեղն է զբաղեցնում: Ա. Նալբանդյանը վարչության պետին հանձնարարեց ՆԶՊ առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակիցների համար այսուհետ ապահովել միասնական հագուստ: Այսուհանդերձ, նա անդրադարձավ նաև ամառային զորակոչի հետ կապված մի շարք հարցերի: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հայտնեց, որ զորակոչիկների պատվաստումների հետ կապված կազմակերպչական առումով որոշակի խնդիրներ են ծագում: Մարզպետը հանձնարարեց՝ առավել զգոն և կազմակերպված լուծումներ տալ, ամառային զորակոչը կազմակերպել բարձր մակարդակով և անթերի:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի տեղեկացմամբ դեռևս մտահոգիչ է սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Մայիսի 16-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 22,8 տոկոս, գույքահարկի կատարողականը ՝ 35 և հողի հարկինը՝ 21,6 տոկոս: Ա. Նալբանդյանը խստորեն զգուշացրեց հետևողական աշխատանք տանել իրավիճակը շտկելու համար:
Խորհրդակցության ընթացքում հանգամանորեն քննարկվեցին նաև առաջիկա միջոցառումների հետ կապված և այլ օրախնդիր հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23