Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ժողովրդավարության ձևավորման հեռանկարները ՏԻՄ-ում և կանանց մասնակցության ակտիվացման հիմնախնդիրները»

15.05.2014

Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Ժողովրդավարության ձևավորման հեռանկարները տեղական ինքնակառավարման համակարգում և կանանց մասնակցության ակտիվացման հիմնախնդիրները» թեմայով մարզային համաժողով:
Համաժողովն անցկացվեց «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում և իրականացվում է Եվրոպական Միության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Լիագումար նիստին, որին ներկա էր մարզպետ Արթուր Նալբանդյանը, մասնակցեցին մարզի ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային համայնքների կառավարման ոլորտի կին-աշխատակիցներ:
Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60 տոկոսը կանայք են, այլ կերպ՝ յուրաքանչյուր հինգերորդ կին մեր երկրում ստացել է բարձրագույն կրթություն: Եվ չնայած այս ցուցանիշներին՝ հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակը բավական ցածր է. 10 տոկոս՝ համայնքի ավագանու կազմում, և ընդամենը 2 տոկոս՝ համայնքի ղեկավարի պաշտոնում: Կառավարության որդեգրած քաղաքականությունը, ըստ որի պետք է մինչև 2015թ.-ը հանրապետությունում համայնքի ղեկավարների թվում կանանց ներգրավվածությունը հասցնել առնվազն 10 տոկոսի, փաստորեն ոչ միայն չի իրականանում, այլև որոշ մարզերում, ինչպես օրինակ Տավուշում, նաև հետընթաց կա:
-Այս առումով Լոռու մարզում վիճակագրությունը համեմատաբար բարվոք է. մարզում ունենք 98 կին ավագանու անդամ, համայնքապետերի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ևս կանայք կան,- իր խոսքում նշեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Լոռու մարզային կենտրոնի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը՝ այս հարցում կարևորելով նաև ԶԼՄ-ների դերը:
«Համայնքի զարգացման գործընթացներում բնակիչների մասնակցությունը՝ որպես արդիական հիմնախնդիր. Փորձ, ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Թումանյան համայնքի ավագանու անդամ Անահիտ Ռամազյանը, ով համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ բնակիչների մասնակցությունն ավելացնելու նպատակով կատարված սեփական ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել է մի շարք գործոններ: Դրանցից կարևորվեց հատկապես բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև վստահությունը իրենց կողմից ընտրված ավագանու անդամների նկատմամբ:
Ծրագիրը իրականացվում է արդեն երեք տարի և դրական տեղաշարժեր արդեն իսկ նկատվում են:
-Մարդիկ ակտիվացել են, համայնքային լսումներ են կազմակերպում, որոշ համայնքներում, արդեն փորձում են քննարկել համայնքի բյուջեն, դա արդեն մեծ առաջընթաց է,- համոզված է Արմենուհի Կյուրեղյանը:
Տեղական ժողովրդավարությունը առհասարակ ժողովրդավարության հիմքն է: Այս տեսակետից տեղական ժողովրդավարությունը առանց կանանց մասնակցության իրատեսական չէ, քանի որ բնակչության կեսից ավելին կանայք են: Բացի այդ, միևնույն խնդրի վերաբերյալ կանանց և տղամարդկանց դիրքորոշումները տարբեր են, ուստիև կարևոր է դրանց զուգորդումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17