Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին «Իմ հայրենիքը» թեմայով շարադրությունների արդյունքները

14.05.2014

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների հետ համագործակցությամբ անցկացված «Իմ հայրենիքը» թեմայով մրցույթը լայն արձագանք գտավ և մեծ խանդավառություն առաջացրեց մարզի հազարավոր պատանիների ու աղջիկների շրջանում: Դեռևս տարեսկզբին մրցույթի մասին իրազեկվեցին մարզի բոլոր դպրոցները, իսկ Հայրենիքի մասին իրենց խոհերը կիսելու ցանկություն հայտնեցին մարզի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտները:
Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Առաջինում, դպրոցների մանկավարժների կողմից ընտրված լավագույն 150 աշխատանքներից մարզային հանձնաժողովը ամենայն ուշադրությամբ և անկողմնակալությամբ առանձնացրեց ամենահաջողված 10 լավագույն աշխատանքները, որոնցից էլ՝ մրցանակային երեք շարադրությունները:
Մայիսի 14-ին մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակակիրների պարգևատրման նպատակով մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Դպրոցականներին ողջունեց մարզի ղեկավարը.
«Այսօր յուրատեսակ տոն է մեզ համար և այս տոնը, իրավամբ, կարելի է համարել մայիսյան մեր հաղթանակների տոնակատարությունների տրամաբանական շարունակությունը: Ոչ մի հաղթանակ, մանավանդ հանուն հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերի հաղթանակը, մշտական չի կարող լինել, եթե չի պաշտպանվում սերունդների կողմից, չի դառնում նրա ստեղծագործական ուժի ակունքը, չի ոգեշնչում մատաղ սերնդին զորացնելու իր հայրենիքը:
Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը միտված ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները խոսուն վկայությունն են այն բանի, որ մեր հայրերի ու եղբայրների հաղթանակները արժանավոր ժառանգորդներ ունեն, և այդ հաղթանակները մնայուն են ոչ միայն պատմության էջերում, այլև մեր որդիների ու դուստրերի հոգում: Որքան կցանկանայի ապրել այն հայրենիքում, որի նախագահը, վարչապետը, նախարարները, մարզպետները, մանկավարժները, հողագործն ու մետալուրգը, գիտնականը, բժիշկն ու արվեստագետը ձեր սերնդից կլինեն»-ասաց մարզպետը:
Ա. Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին ու մանկավարժներին, մարզպետարանի հետ համագործակցած ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններին: Նա հավաստեց, որ «Իմ հայրենիքը» թեմայով շարադրությունների մրցույթը մեր մարզում այսուհետ ավանդական կդառնա:
Ողջույնի և օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը. «Ողջունելի է, որ դպրոցները համախմբվել են մի այնպիսի գաղափարի շուրջ, ինչպիսին Հայրենիքի գովերգումն է: Այսօր արժանավոր սերունդ է կրթվում ու դաստիարակվում: Վստահ եմ՝ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է»,-ասաց նա:
Մրցույթի արդյունքում առաջին երեք մրցանակային տեղերը շնորհվեցին համապատասխանաբար Վանաձորի Հովհ. Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Չեպուսովային, Խորենացու անվան թիվ 17 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Հակոբյանին և ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Բարսեղյանին: Մարզի ղեկավարը նրանց շնորհավորագրեր և դրամական պարգևներ հանձնեց:
Խրախուսական մրցանակների՝ նվերների և շնորհավորագրերի արժանացան Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Սիմոնյանը, Լեռնապատի Երվանդ Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Աննա Քոչարյանը, Վանաձորի թիվ 15 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Մաղաքյանը, Կուրթանի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Դանիելյանը, Ամրակիցի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Շուշանիկ Դանիելյանը, Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աստղիկ Նիազյանը և Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի աշակերտուհի Թեհմինե Բաղրամյանը:
Եղան նաև գեղարվեստական կատարումներ:

 


Կից ներկայացնում ենք լավագույն երեք շարադրությունները:

Վանաձորի Մ. Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Չեպուսովա
Իմ հայրենիքը (յոթնահոլով)

Իմ հայրենիքը իմ Հայաստանն է՝ մի լուսե երկիր՝ թանկ, հնամենի,
Իմ հայրենիքը իմ Հայաստանն է՝ մի փոքրիկ երկիր՝ այնքա՜ն սիրելի,
Իմ հայրենիքը խոսուն վկան է իմ նախնիների անվերջ պայքարի,
Իմ հայրենիքը գունեղ կամարն է իմ երազների ճախրող երամի:

Իմ հայրենիքի ամեն մի թիզը արյամբ նվաճված մի թանգարան է,
Իմ հայրենիքի ամեն մի երգը կռունկի թևով թևող նամակ է,
Իմ հայրենիքի ամեն մի քարը մի պատմություն է, արվեստ, քանքար է,
Իմ հայրենիքի ամեն մի վերքը վրեժի ծարավ, ցասում ու կանչ է:

Իմ հայրենիքին է ձոնված խոսքս, հոգուս կարոտը, հավատս խորին,
Իմ հայրենիքին է ձոնված գործս, անհուն իղձերս, զարկերը սրտիս,
Իմ հայրենիքին եմ տալու սերս, անմար տենչերս, երգերս, ուղիս,
Իմ հայրենիքին եմ տալու կյանքս, եթե պետք լինի, կյանքս ու հոգիս:

Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ հոգուս երազն է նա անմեկնելի,
Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ սրտիս փափագն է անփարատելի,
Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ ծաղկանց բուրմունքն է հայոց լեռների,
Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը՝ մրգերի համն է պերճ այգիների:

Իմ հայրենիքից անուշ մի երգ է ծորում ու գերում՝ կարոտի երգն է,
Իմ հայրենիքից հույսի մի շող է պոկվում ու փայլում՝ գալիքի երգն է,
Իմ հայրենիքից արևի տաքուկ գգվանք եմ խնդրում՝ երազիս մասն է,
Իմ հայրենիքից լույսի անհատնում աղբյուր եմ խնդրում՝ իմ ներշնչանքն է:

Իմ հայրենիքով, նրա փառահեղ ու վեհ անցյալով պարծենում եմ ես,
Իմ հայրենիքով, նրա հաստատուն, ամուր ներկայով ապրում, շնչում եմ,
Իմ հայրենիքով, նրա հուսավառ ու լույս գալիքով ներշնչվում եմ ես,
Իմ հայրենիքով՝ իմ Հայաստանով, հպարտանում եմ:

Ուզում եմ ապրենք, գործենք, արարենք իմ հայրենիքում,
Ուզում եմ բազում հրաշքներ լինեն իմ հայրենիքում,
Ուզում եմ, որ գան, բոլոր հայերը գան տունը հայոց,
Ու մեծ տոն լինի, խինդ, բերկրանք լինի իմ հարենիքում:


Վանաձորի Խորենացու անվան թիվ 17 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Հակոբյան

Իմ հայրենիքը
Հայաստան ասելիս Հայկյան նետի շառաչն եմ լսում,
Հայաստան ասելիս Քուռկիկ Ջալալու սմբակի զարկն եմ տեսնում,
Հայաստան ասելիս էրգիրը պահող ու շենացնող Սասնա տունն ստեղծող Սանասար և Բաղդասար, Մեծ և Փոքր Մհեր, Թլոր Դավթին եմ տեսնում:
Հայրենիք ասելիս այս մեծ աշխարհի փոքրիկ անկյունում վեհորեն բազմած Լեռնահայաստանն եմ տեսնում:
Հայրենիք ասելիս երկիրը պահող, սահմանն իր արծվենի հայացքով հսկող հայ զինվորին եմ տեսնում:
Հայաստան աշխարհ…
Քո աստվածատուր պատկերը բնորոշողը սիգապանծ լեռներն են, որոնց կատարները գիշերներն աստղերին են քսվում, և ապա՝ անդնդախոր ձորերը, որոնց խորքերում անգամ ցերեկով կարելի է աստղեր տեսնել:
«Համայն հողագնդի վրա չկա մի այլ երկիր, որն այնքան լիքը լիներ հրաշքներով, ինչքան հայերի երկիրը»,-ասել է անգլիացի մեծ բանաստեղծ Ջորջ Բայրոնը:
Անդունդ ու լեռ, ժայռ ու քարափ՝ երկնահուպ բարձրություն ու անհատակ խորություն…
Մեր բնաշխարհն իր պատկերի գծերն է տվել մեզ՝ բարձրություն, խորություն և կարծրություն, որ մեր հոգում համառություն և համբերություն են դարձել: Եվ դրանի՞ց չեն արդյոք մեր բնավորությունը բնորոշող այն ծայրահեղությունները, որ և՛ մեր ուժն են, և՛, ավա՜ղ, երբեմն նաև մեր թուլությունը: Հայ ժողովուրդը քիչ է թվով, սակայն նրա մեծության չափանիշն այլ է: Նա աշխարհի այն հնագույն ժողովուրդներից է, որ միշտ կառուցել է, ցանել ու հերկել, սիրել է իր գիրն ու գրականությունը, «ամպրոպաշունչ գիշերների» միջով անցնելով, պահել ու պահպանել է իր հողն ու ջուրը, իր երգն ու պարը, իր մշակույթը: Նրա հինավուրց վանքերն ու տաճարները հայտնի են աշխարհին:
1915թ. Եղեռնից հետո փյունիկ թռչունի նման հայը հառնեց մոխիրներից, ոչ միայն արյունաքամ չեղավ, այլև շարունակեց ապրել ու հարատևել, ստեղծագործեց իր նոր հայրենիքը՝ ազատ ու անկախ Հայաստանը՝ իր հզոր ու փառապանծ բանակով, արդեն իր սեփական գերբ ու դրոշով:
Մի զարմանալի ու հրաշք երկիր է Հայաստանը՝ իր գեղեցկությամբ, իր բազմազանությամբ: Հիմա լավ եմ հասկանում, թե ինչու իմ նախնիները չեն ցանկացել պոկվել այս հողից, ինչու են մնացել ու արմատ նետել նրա հովիտներում, որ տաք են, հիասքանչ, նրա լեռներում, որ ցուրտ են, դաժան, բայց էլի հիասքանչ են…
Հայի ստեղծագործ մտքի, շինարար ձեռքի խոսուն վկան է մեր շեն Երևանը՝ մեր երկնագույն անուրջների մայրաքաղաքը՝ իր Մատենադարանով՝ հայոց գրերի հավերժության ոստանով, Ծիծեռնակաբերդով, իր լայնարձակ պողպատներով ու ծաղկող պարտեզներով:
Ամեն քայլափոխի զգում եմ իմ անկախացած հայրենիքի սրտի զարկերն ու հոգու թռիչքը, որոնք փոխակերպվելով Վիկտոր Համբարձումյանի՝ բյուրակնյա լույսի, Արամ Խաչատրյանի երաժշտության դյութիչ հնչյունների ու տաղանդաշատ նկարիչ Մարտիրոս Սարյանի երփնագույն կտավների, մեծ արձագանք են գտել ողջ աշխարհում:
Եվ ահա այս ընդհանուր նահանջի մեջ բարձրանում են խեղճությունից, բարությունից, բարոյականությունից ձանձրացած հայերը, որոնց հեռացող քարավանները շուտով, շատ շուտով նորից տուն կդառնան, որովհետև, երբ հներն իրենց տեղը զիջում են նորերին, երբ մարդիկ արթնանում են նորոգման հույսով, ահա այդ ժամանակ ու այդ ամենի մեջ մի տեսակ աննկատ գծագրվում է անջրպետը, հապաղումը վերծավում է գոյաձևի: Մեր հայրենիքը իր տարագիր որդիներին տուն կանչող անմար լույս փարոս կդառնա և կշարունակի իր վերելքի ուղին՝ որպես հավերժի ճամփորդ, ու նրա անսասան կամքը ոչինչ չի կարող ընկճել՝ ո՛չ բնության տարերքը՝ երկրաշարժը, որ շրջափակումը և ո՛չ էլ բարբարոս թուրք նվաճողների խարդավանքները:
Մենք մի հայրենիք ունենք, որի բախտի հետ խաղաղալ չի կարելի, ունենք-չունենք՝ մի Հայաստան, որի առավոտը առավոտ չէ, այլ պատարագ, որի հովանու տակ մենք՝ բոլորս, վերափոխված ենք ապրելու, որովհետև ամեն տեղ հայ կա, բայց միայն Հայաստանում կզգաս ժողովրդի սիրտը, միայն Հայաստանում կապրես հայության մեջ: Ուրեմն թող օրհնվեն նրանք՝ իրենց հողի վրա ապրող, իրենց հողի տեր «այս սքանչելի հայերը»:
Հայաստանն արժանի է ջերմ սիրո, հարգանքի ու պաշտամունքի: Նրա հարուստ ու գունագեղ լեզուն, որի խոնարհ աշակերտն եմ, նրա հինավուրց գրականությունը, որի փառքը պսակված է Նարեկացու, Թումանյանի, Չարենցի ու համաշխարհային այլ մեծություններով, նրա ամենամեծ ստեղծագործությունը՝ Երևանը, հոյակերտ մի քաղաք, որին անհնար է չսիրահարվել, և այնուհետև՝ Գեղարդ ու Գառնի, Սարդարապատ ու Սևանա լիճ՝ երազի պես կապույտ, բարեկամի պես սրտաբաց. ահա այս երկիրը կա ու կշարունակի իր հավերժության ճամփան.
-Հայերն ապրել են, ապրում են, կապրեն…

 

 

Վանաձորի ծովակալ Իսակովի անավան թիվ 23 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Բարսեղյան

Իմ հայրենիքը

Հայրենի՜ք… Դժբախտ է նա, ով քեզ չունի: Քո որդին եմ ես, դու իմ մեջ ես, կաս ու ես չկամ առանց քեզ:
Ափս ծալում եմ, դառնում է բռունցք, մի փոքրիկ սրտիկ, ու դառնում է հող, դառնում հայրենիք:
Ավա՜ղ, շատ փոքր ես, այնքան ես փոքրիկ, որ կրծքիս տակ ես միայն զետեղվում, գրկում ես ինձ ու գուրգուրում: Եվ չկամ ես էլ առանց քեզ, դու ինձնով ես կենդանանում:
Գրում եմ ես ու մտածում,
Թե ով գիտի գինը հողի ու արժեքը հայրենիքի:
Դե իհարկե, որդիդ գիտի, ով քեզ համար ելավ մարտի,
Ելավ մարտի ու քեզ փրկեց,
Ինքը ընկավ, որ դու ապրես:
Իմ հայրենի՛ք, իմ սիրասու՛ն, վերքեր ունես բազում-բազում,
Հարցեր ունես դեռ չլուծված, բայց վստահ եմ՝ օրդ է պայծառ,
Լույս կծագի Մասիս սարին, ու լուսինը տեղի կտա արեգակին…
Հարենի՛ք, ոստա՛ն, բնօրրա՛ն ու տու՛ն, օջա՛խ հարազատ:
Ամեն անգամ, երբ տալիս եմ քո անունը ու հիշում ուսուցչիս բոցաշունչ խոսքերը ազգի, ազգայինի, մեզնից տմարդորեն խլված պատմական հայրենիքի ու նրա փրկության մասին («օտար երկիրը հարենիք չի՛ դառնա, առանց աչքերի կապրես, առանց հայրենիք չես ապրի, դուք մեծ հայրենիք ունեք կորցրած, ձեր գերված հողին ժառանգո՛րդ դարձեք»), մի անիմանալի զգացում է պարուրում հոգիս, սրտիս յուրաքանչյուր զարկը թմբկահարում է ուղեղս, միտքս թռչում է հեռու-հեռուներ՝ դեպի արերը Սասնա, կարծես լսում եմ Վանա լճի ծփանքը, Աղթամարից եկող խնկաբույրն է շոյում հոտոտելիքս, ու Մարութա սարի շնկշնկան քամին՝ ծածանում վարսերս:
Ուզում եմ օր առաջ թռչել այնտեղ, տեսնել, փարվել, հագեցնել կարոտի այն անսպառ զգացմունքը, որը չգիտեմ՝ որտեղից է ծնունդ առել իմ հոգում: Գուցե այն ծնվում է ամեն հայի հետ: Ուզում եմ, բայց փակ է ճամփան, առջևում պատնեշ է ու սահման:
Փշրվե՛ք աշխարհի բոլո՛ր սահմաններ, ես՝ փոքրիկ հայուհիս, ատում եմ ձեզ: Աշխա՛րհ, անիրավ աշխարհ, դու՛, դու՛ ես մեզնից մեր տունը խլել, խաբել, ժպտացել, սուտ սիրաշահել: Հիշի՛ր, մի փոքրիկ աղջնակ եմ ես դեռ, բայց կմեծանամ, կնստեմ թամբին Քուռկիկ Ջալալու և գերված հողիս տերը կդառնամ…
Լսու՞մ ես դու ինձ, ով թու՛րք ելուզակ,
Մանուկ հոշոտող դու ենիչերի,
Ես հայուհի եմ, փոքրիկ մի աղջնակ,
Եվ քո պիղծ ցեղը ինձ մի պարտք ունի:
Դու հող չես տալու ես դա լավ գիտեմ,
Որ գողն է սիրով գողոնը տալիս,
Բայց կխոնարհվես դրոշիս առաջ,
Ու սարսափահար կփախչես ինձնից:
Ներում կհայցես պապերիդ համար,
Ապուպապերիդ՝ մարդակեր ու նենգ,
Ու կմաքրվի հողն իմ սրբազան,
Մեռոնաջրով կօծվի առհավետ:
Հայրենիք իմ վես,
Հպարտ եմ քեզնով,
Ու ես՝ հայուհիս՝ Մարիամ անունով,
Քո գովքն եմ անում, մինչև մեծանամ
Ու քո արժանի զինվորը դառնամ:
Ես մայր կդառնամ շատ որդիների
Ու սուր կբռնեմ Սոսեի նման,
Որ զարկված ազգս կրկին վեր հառնի,
Եվ ապրի հավերժ Մասիսի նման…
Հիմա արդեն հանգիստ ես տամ իմ խոհերին, փորձեմ ապրել ու երազել մեր այսօրով:
Իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է: Ես հայ եմ և շատ եմ հայ: Իմ բազմաչարչար ժողովուրդը մաքառումով է ազդարարել իր ծնունդը: Նրա պայքարը սկսվել է Հայկ Նահապետի նետի սլացքով ու շարունակում է մինչև օրս: Շատ անգամ է ընկել հայը, երերացել, բայց նորից ուժ է գտել ոտքի կանգնելու և առաջ նայելու: Նույնիսկ 1915թ. նախճիրը ի զորու չեղավ նրա երթը կանգնեցնելու: Կորցրած հայրենիք ու տուն, զավակ ու ընտանիք՝ ժողովուրդը թափառեց աշխարհեաշխարհ, մեռավ, բայց կրկին հառնեց ու ապրեց…
Այսօր մենք կերտում ենք Ազատ, Անկախ Հայրենիք, ու դարավոր ոսոխը հանգիստ չի տալիս, կրկին զոհեր ու տագնապ: Սակայն անցել են այն օրերը, երբ հայը գլուխը խոնարհում էր: Այժմ մենք ունենք մարտունակ բանակ ու նվիրյալ զավակներ, որոնք, ավա՜ղ, թեև տասնութ, քսան տարեկան են, բայց չեն երերում կուրծքը պարզել թշնամու գնդակին ու փրկել հայրենին:
Այսօր էլ շատ դժվարին օրեր է ապրում մեր ժողովուրդը: Կրկին արտագաղթ, կրկին բաժանում հայրենի երկրից. վատ է, դաժանորեն վատ:
Ես մի մեծ երազանք ունեմ,որ հայրենիքս կրկին զորանա, ծավալվի ու տարագիր որդիներին իր շուրջն առնի: Չէ՞ որ հայրենիքը, ինչպես և մայրը, միշտ էլ ներում է մոլորյալ զավակներին:
Գալի՛քդ բարի ու լու՛յսդ պայծառ, իմ Մա՛յր Հայրենիք:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59