Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նվիրված Հաղթանակի և Խաղաղության տոնին
12.05.2014
Մայիսի 9-ին Մեծ հայրենական պատերազմում տարած հաղթանակի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ հանդիսություն էր կազմակերպվել Վանաձորի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Տիգրան Բադոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Երկրապահ կամավորների միության Լոռու մարզային վարչության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, պաշտոնատար այլ անձինք, հարյուրավոր վանաձորցիներ։
Ներկաները մեը րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Ողջույնի խոսք ասաց Արթուր Նալբանդյանը։ Նա մասնորապես նշեց.
«Մեզ համար թանկ ու նվիրական են բոլոր այն ռազմիկները, ովքեր վտանգի պահին անվարան դիմագրավել են թշնամուն:
Երկրորդ աշխարհամարտում բազմաթիվ ժողովուրդների հետ միասին նաև հայորդիների սխրանքով նվաճված հաղթանակը ոչ միայն մեր երկիրը փրկեց վերահաս աղետներից, այլև հնարավորություն տվեց կառուցելու խաղաղ ու ստեղծագործ ապագա:
Մենք խոնարհվում ենք երկրորդ աշխարհամարտի մասնակից հերոսական սերնդի առջև, մենք հպարտանում ենք այն իրողությամբ, որ երբ վտանգված էր պապենական երկիրը, արյան կանչով Արցախի ազատագրման, հայրենիքի պաշտպանության դիրքերում էին այդ սերնդի որդիներն ու թոռները՝ երկրապահ կամավորականներն ու ազատագրական մարտերում ծնված Հայոց բանակի ռազմիկները»,- ապա շարունակեց.
«Հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության և անկախության մղվող պայքարի պատմություն է: Մեր նախնիների բոլոր սերունդներն իրենց զավակներին են փոխանցել հայ ինքնության, ազատատենչ ոգու և անկախ պետականության տեսլականը՝ չդադարելով հավատալ, որ դա իրողություն կդառնա»:
Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը։ Շնորհավորանքի խոսք ասաց Սամվել Դարբինյանը:
Պատերազմի, զինված ուժերի և աշխատանքի վետերանների միության Վանաձորի խորհրդի նախագահ Գարուշ Խաչատրյանը ներկայացրեց հայրենական պատերազմում լոռեցի զինվորների մասնակցությունը՝ նշելով, որ Լոռու մարզից խորհրդային միության հերոսի կոչում է ստացել 7։ Եղան նաև գեղարվեստական կատարումներ: