Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաջողված ծրագրերն արժանացան դրամաշնորհների

30.04.2014

2013թ. մայիսից «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության կողմից, ինչպես հայտնի է, Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` CISP կազմակերպությունը, Լոռու մարզպետարանը և Վանաձորի քաղաքապետարանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Տևողությունը 3 տարի է` մինչև 2016թ. ապրիլ ամիսը: Ծրագրի շրջանակներում «Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի» կազմման և կանանց բիզնես կարողությունների զարգացման նպատակով դասընթացներ են կազմակերպվել, բիզնես ծրագրեր են կազմվել, իսկ հաջողված ծրագրերն ընտրվել են դրամաշնորհների հանձնման համար:
Ապրիլի 30-ին, Վանաձորի Տ. Չուխաջյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Ախթալայի և Շնողի համախմբերի համայնքներից (Շնող, Թեղուտ, Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում և Ճոճկան) ծրագրում ընդգրկված կանանց բիզնես ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա-Նավարրոն, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, գործարար ոլորտի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» (ՀԵԿԱ) նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց իրականացվող ծրագիրը՝ նշելով, որ այն ի սկզբանե ունեցել է երկու նպատակ: Առաջինը կարճաժամկետ և տեսանելի՝ նպաստել մեր երկրում և մասնավորապես Լոռու մարզում, կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների հզորացմանը և երկրորդ՝ կանանց կարողությունների զարգացմամբ նպաստել տնտեսական վիճակի բարելավմանը երկրում, խթանել գործազրկության մակարդակի նվազեցմանը: Լ. Ասատրյանը շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը, Լոռու մարզպետարանին, գործընկեր մյուս կառույցներին ծրագրի իրականացմանն աջակցելու համար:
Մարզի ղեկավարը ողջունեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» գործունեությունը՝ հատկապես Լոռու մարզի կանանց շրջանում գործարար կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման համար, որոնք նպաստում են մարզում գործազրկության մակարդակի, այդպիսով նաև՝ արտագաղթի նվազեցմանը: Նա պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել իրականացվող ծրագրերին:
Խոսե-Մարիա Մեդինա-Նավարրոն իր խոսքում նշեց, որ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» ներկայացրած ծրագիրը տասնյակ այլ ծրագրերի համեմատությամբ ամենահաջողվածն ու հեռանկարայինն է եղել, ուստի արժանացել է հավանության և ֆինանսավորվել է Եվրամիության կողմից:
Կազմակերպության գործունեությունը կարևորեցին նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը:
Դրամաշնորհները հաջողված 6 ծրագրերի հեղինակներին հանձնեցին Արթուր Նալբանդյանը, Խոսե-Մարիա Մեդինա-Նավարրոն և Լիլիթ Ասատրյանը:
Կանայք իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀԵԿԱ-ին, դոնոր կազմակերպություններին աջակցության և վստահության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18