Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հողագործներին աջակցությունը ընթացքի մեջ է
25.04.2014
Այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարության պատճառած վնասը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տուժյալ տնտեսվարողներին որպես աջակցություն՝ հատկացվելու էին գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի սերմացուներ:
Լոռու մարզում գարնանային անբարենպաստ պայմաններից առավելապես զգալի վնաս կրեցին Թումանյանի տարածաշրջանի մի շարք համայնքներ: Եվ ահա Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչությունում օրերս սկսվեց Մեծ Այրում, Շնող, Հաղպատ, Ճոճկան, Օձուն և Աքորի համայնքների հողագործներին կառավարության կողմից հատկացված ձմերուկի և լոլիկի սերմացուների տրամադրումը: Աջակցությունը միանգամայն անվճար է և երկրագործներին տրամադրվում է համայնքային ավագանու որոշմամբ՝ կրած կորուստներին համարժեք:
Ընդհանուր առմամբ նշված գյուղերը կստանան 3.5 հեկտարի համար՝ ձմերուկի և 6.5 հեկտարի համար՝ լոլիկի սերմացու:
Առաջիկայում գյուղախմբի հողագործներին կհատկացվի նաև վարունգի անվճար սերմացու:
Մարզում շարունակվում է նաև մատչելի գներով հանքային պարարտանյութերի և դիզելային վառելանյութի բաշխումը գյուղացիական տնտեսություններին և անհատ հողօգտագործողներին: Ապրիլի 25-ի դրությամբ 53 համայնքների հատկացվել է 1330 տոննա ազոտական պարարտանյութ և 49 համայնքների՝ ավելի քան 425.5 տոննա դիզելային վառելիք: Ի դեպ, առաջիկայում կստացվի նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի առաջին քանակությունը, որը նույնպես գյուղացիներին տրվելու է շուկայականից անհամեմատ էժան գնով: Գործընթացը շարունակական է: