Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշարձանների պահպանության օրվան ընդառաջ

18.04.2014

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը նպատակ ունի մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ:
Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առթիվ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մշակութային ժառանգությունը կապված է պատմության և հիշողության հետ` 2014 թվականի համար ԻԿՕՄՕՍ-ն առաջարկել է ապրիլի 18-ը նշել «Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո` կոչ անելով հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում անդրադառնալ հիշատակի հուշարձաններին` մեկ անգամ ևս վերհիշելով պատմությունն ու այն կերտող ականավոր գործիչներին:
Օրվա կապակցությամբ նախօրեին ՀՀ մշակույթի նախարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, զբոսաշրջության բնագավառի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ Լոռու մարզում կազմակերպել էր ուշագրավ միջոցառում, որին մասնակից էին դարձրել մայրաքաղաքի և Լոռու մարզի զանգվածային բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, պատմական հուշարձանների պահպանությամբ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Առաջին հանգրվանը 6-րդ դարի կոթող Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ վերականգնման աշխատանքներ են տարվում 2012 թվականից և նախատեսված է ավարտել 2015-ին: Եկեղեցու վերականգնման ֆինանսավորումն ստանձնել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամը մոսկվայաբնակ Մովսես Զավարյանի բարերարությամբ, որն այդ նպատակին ներերդրել է 320 մլն դրամ: Վերականգնողների տեղեկացմամբ այստեղ կիրառվել են միանգամայն նոր մեթոդներ՝ իտալացի մասնագետների խորհուրդներով:
Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը օծեց եկեղեցու խաչերը և ապա տեղակայվեցին գմբեթին:
Այց կատարվեց նաև Քոբայրավանք: ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերա-կանգնվող Քոբայրավանքի վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են նաև իտալացի մասնագետներ, մասնավորապես՝ անցկացվել են որմնանկարների, քարի նյութերի վերականգնման, շինհրապարակի ղեկավարների` աշխղեկների վերապատրաստմանն ուղղված վարպետության դասընթացներ:
Հաջորդ կանգառը Լոռի բերդում էր: Վերջինիս պահպանության և ուսումնասիրման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2010 թվականին ստեղծվել է «Լոռի բերդ» քաղաքատեղի» արգելոց-թանգարանը, ինչը հնարավորինս անաղարտ է պահպանում հուշարձանախումբը և ապահովում է դրա նպատակային օգտագործումը: Արգելոցի ստեղծմանն իր օժանդակությունն է ցուցաբերել նաև Լոռի բերդ համայնքը: 2012-2013 թթ. կատարվել են հուշարձանի պեղման, նախագծման, ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքներ: 2014 թ. ևս շարունակվում են հուշարձանի պեղման և վերականգնման աշխատանքները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18