Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արթուր Նալբանդյանը Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահն է
10.04.2014
Ավարտվեց շախմատի դպրոցականների հանրապետական 8-րդ օլիմպիադայի Լոռու մարզային փուլը: Լավագույն արդյունքով առաջին տեղում է մարզկենտրոնի «Էվրիկա» դպրոցի թիմը: Նրան հաջորդում են Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի և Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի պատանի շախմատիստները: Հաղթողներին պարգևատրելու համար ապրիլի 9-ին Վանաձորում էր շախմատի հանրապետական ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, օլիմպիական չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: Պարգևատրման արարողությանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Պարգևներ հանձնելով օլիմպիադայի մարզային փուլի մրցանակակիրներին, Սմբատ Լպուտյանը բարձր գնահատեց լոռեցիների նշանակալից դերը հանրապետությունում շախմատի մասսայականացման ու զարգացման գործում, դրանում կարևորելով մարզային և համայնքային իշխանությունների աջակցությունը:
Հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 4-ից 8-ին Ստեփանակերտ քաղաքում, ուր Լոռու մարզը կներկայացնեն «Էվրիկա» դպրոցի և Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցի պատանի օլիմպիականները:
Ապա տեղի ունեցավ շախմատի մարզային ֆեդերացիայի նիստ, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Միաձայն որոշմամբ Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: