Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հանդիպեց Լոռու մարզպետի հետ
10.04.2014
Ապրիլի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը և մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Այցը ճանաչողական էր: Նպատակը, ինչպես նշեց դեսպանը, բարեկամական կապերի հաստատումն է մարզի հետ, ծանոթանալը Լոռու մարզի տնտեսական պոտենցիալին՝ առաջիկայում փոխհամագործակցության հնարավոր ծրագրեր իրագործելու նպատակով: Սա Այմիդոս Բոզժիգիտովի երկրորդ այցն է մարզ: Նախորդ այցի ժամանակ դեսպանին ընդունել է փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Ա. Բոզժիգիտովn այդ ընթացքում մասնակցել է նաև ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից Վանաձորում կազմակերպված գիտաժողովին:
Արթուր Նալբանդյանը, ողջունելով դեսպանի այցը, համառոտ ներկայացրեց մարզի առանձնահատկությունները, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները, պատմամշակութային արժեքները: Ա. Նալբանդյանը նույնպես պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության բոլոր հնարավոր հեռանկարները՝ ապագայում համատեղ տարաբնույթ ծրագրերի իրականացման համար:
Հանդիպման վերջում Ա. Նալբանդյանը և Ա. Բոզժիգիտովը հուշանվերներ փոխանակեցին: