Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեղծվեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» Լոռու մարզային մասնաճյուղ

28.03.2014

Մարտի 28-ին Լոռու մարզպետարանում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել «Հայրենական ապրանքարտադրողների միություն» հկ նախագահ Վազգեն Սաֆարյանի, միության ներկայացուցիչների և Լոռու մարզի տնտեսվարողների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի վարչությունների և բաժինների պետեր: Հանդիպման նպատակը ՀՀ տնտեսության մակրոտնտեսական ցուցանիշների և արդյունաբերական ներուժի իրացվածության, հանրապետության մարզերում արդյունաբերության զարգացման խթանման հեռանկարների ներկայացումն էր:
Մարզի ղեկավարը ողջունեց նման ձևաչափով հանդիպումը՝ հույս հայտնելով, որ ակտիվ քննարկումները, տնտեսվարողների կողմից խնդիրների վերհանումը կտան իրենց դրական արդյունքը: Նա մտահոգություն հայտնեց, որ 2013թ, մարզի արդյունաբերության ոլորտում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անկում է արձանագրվել, ինչն ունեցել է իր բացասական ազդեցությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման վրա: Նա կարևորեց պետության աջակցությունն այս հարցում՝ մասնավորապես աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Վ. Սաֆարյանը տեղեկացրեց, որ նման ձևաչափով հանդիպումներ են կազմակերպվում բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով լսելու տնտեսվարողների, արդյունաբերողների առարկայական առաջարկությունները, որոնք ամբողջական տեսքի բերվելուց հետո կներկայացվեն ՀՀ կառավարության ուշադրությանը: Ներկաների ուշադրությանը ներկայացվեց նաև «Արդյունաբերության աջակցության հիմնադրամի», վարչապետին կից արդյունաբերական խորհրդի գործունեությունը: Նշվեց,որ հիմնադրամի նպատակներն են` ինովացիոն ծրագրերի և արդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերի իրականացումն ու համակարգումը, արդյունաբերական կազմակերպությունների մրցունակության բարձրացմանն աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված երկխոսության և համագործակցության խթանումը:
Մարզպետարանի ներկայացուցիչները և տնտեսվարողները հանդես եկան արդյունաբերության զարգացմանն ուղղված մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում էին և՛ մասնավոր ու տեղական ներդրումներին, և՛ հարկային արտոնությունների տրամադրմանը, և՛ երկրում տարվող վարկային քաղաքականությանը:
Հանդիպման ավարտին ձևավորվեց «Հայրենական ապրանքարտադրողների միության» Լոռու մարզային մասնաճյուղի կազմը՝ բաղկացած հինգ անդամից, որն ակտիվորեն կաշխատի՝ ի նպաստ մարզի տնտեսվարողների խնդիրների բացահայտման:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18