Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզում էր

25.03.2014

Մարտի 25-ին Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով Լոռու մարզում էր: Նա եղավ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում աշխատանքային հանդիպում ունենալով վարչության աշխատակիցների հետ:
Խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին: Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի, բռնությամբ ցուցմունք կորզելու և ցանկացած այլ արատավոր երևույթների հանդեպ, ինչպես և լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ:
Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր ոստիկանության ձևավորման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բացառիկ նշանակությունը նախանշված ծրագրերի իրագործման համար:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում
Վլադիմիր Գասպարյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ հանդիպում ունեցավ Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, ուժային կառույցների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների հետ:
Ողջունելով ոստիկանապետի այցելությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը ընդգծեց, որ ոստիկանության համակարգում ընթացող բարեփոխումները էականորեն բարձրացրել են ոստիկանի դերն ու հեղինակությունը հասարակության մեջ:
Վերլուծելով ոստիկանության գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը:
-Հասարակության համար, հասարակության հետ աշխատող, հասարակական կարգ պաշտպանող անձը չի կարող նստել իր տաքուկ աշխատասենյակում, նա պետք է հաճախ լինի մարզերում, տեղում հաղորդակից դառնա բնակչության խնդիրներին,- ասաց Ոստիկանապետը:
Նա նշեց, որ Ոստիկանությունը մշակել է բարեփոխումների հստակ ռազմավարություն և ընթանում է այդ ուղով: Ըստ նրա, տարեվերջին կավարտվի բարեփոխումների առաջին փուլը, որը նպատակ է ունեցել բարձրացնելու ոստիկանի դերը, հեղինակությունը հասարակության մեջ, համակարգը մաքրելու արատավոր երևույթներից:
-Մեր շարքերում չեն լինելու պաշտոնյաներ, ովքեր զենքով, սուր ճոճելով են հարցեր լուծելու,- ասաց նա:
Հաջորդը տեխնիկական և ինտելեկտուալ զարգացման փուլն է: Իսկ երրորդ՝ ավարտական փուլն, ըստ Վ. Գասպարյանի, բեկումնային է լինելու համակարգի համար: Ոստիկանապետը մտահոգություն հայտնեց, որ, ի տարբերություն Երևանի, բարեփոխումների ընթացքը մարզերում այնքան էլ ակնառու չէ: Այդ իսկ պատճառով առավել ակտիվ աշխատանքներ են տարվելու հենց մարզերում՝ մեծ ու փոքր համայնքներում:
-Ոստիկանական համակարգը կարող է զարգանալ միայն այն դեպքում, եթե զգում է հասարակության աջակցությունը: Միևնույն ժամանակ ոստիկանությունը արդարության և կարգապահության արտադրողն է և մի քանի քայլ առաջ պետք է լինի հասարակությունից,-ասաց Վ. Գասպարյանը:
Նա կարևորեց, մասնավորապես, անչափահասների հետ տարվող աշխատանքը և հայտնեց, որ հաստիքներ են տրամադրվել Լոռու մարզի ավագ դպրոցներում ոստիկանների աշխատանքը կազմակերպելու համար:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին ու հատկապես համայնքների ղեկավարներին հորդորեց աջակցել ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու գործում, իսկ օրինական զենքերը պահպանել անհասանելի վայրերում՝ սահմանված կարգով՝ ընդգծելով, որ երևույթը լի է անկանխատեսելի հետևանքներով: Պատրաստակամություն հայտնելով համակողմանի իրավական օգնություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին՝ ոստիկանության պետը նաև նշեց, որ ոստիկանությունը պատասխան քայլեր է ակնկալում: Ոստիկանության պետն այս առումով կարևորեց նաև համայնքային ոստիկանների համակարգի ներդրումը և շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին աշխատասենյակների հատկացման համար:
Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն անշրջելի են, և, ունենալով հասարակության հավատն ու վստահությունը, համատեղ աշխատանքով հնարավոր է հասնել նախանշված ծրագրերի իրագործմանը:
Ոստիկանապետը պատասխանեց նաև առաջադրված հարցերին:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, դիմելով Ոստիկանապետին, բարձր գնահատեց Սպիտակի, Գուգարքի և Ստեփանավանի տարածաշրջանների անձնագրային բաժանմունքների աշխատանքը՝ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում» ընդգրկված ընտանիքներին օպերատիվ կերպով աջակցելու համար: Ի պատասխան, Վլ.Գասպարյանը հանձնարարեց խրախուսել նրանց: Վանաձորի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանը խնդրեց կցասայլակով մոտոցիկլետ նվիրել Վանաձորի պատանի հեծանվորդների խմբակին՝ հեծանվային արշավները մոտոցիկլետի ուղեկցությամբ կազմակերպելու նպատակով: Ոստիկանապետը խոստացավ երկու մոտոցիկլետ ուղարկել:
Վլ. Գասպարյանը և Ա. Նալբանդյանը նաև հուշանվերներ փոխանակեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36