Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լրացավ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի 75-ամյակը

17.03.2014

Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված վաստակաշատ արձակագիր Ֆելիքս Շաքարյանի ծննդյան 75-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, գրողներ, մտավորականներ, հյուրեր Երևանից, Ալավերդուց և Վանաձորից։
Բացման խոսքում ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը խոսեց Ֆ. Շաքարյանի անցած ստեղծագործական ճանապարհի մասին՝ ներկայացնելով հոբելյարի հրատարակած գրքերը, նրա ստացած գրական մրցանակներն ու պարգևները։
Իր վաղեմի բարեկամին և գրչեղբորը շնորհավորեց Էդ. Միլիտոնյանը՝ նշելով, որ Ֆ. Շաքարյանը ռեալիստական արձակում իր մնայուն հետքն է թողել՝ նկարագրելով Լոռու բնաշխարհն ու լոռեցի մարդուն տարբեր դրամատիկ իրավիճակներում՝ իր հոգսերով ու ցավերով։ Էդ. Միլիտոնյանը Ֆ. Շաքարյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ։
Հոբելյարն արժանացավ նաև մարզպետ Ա. Նալբանդյանի շնորհավորագրին, որում մասնավորապես ասվում էր. «Մենք՝ լոռեցիներս, առանձնակի հպարտություն ենք ապրում, որ հայ գրականության դարավոր ավանդույթների հետևորդ անվանի արձակագիրդ մեր բնաշխարհից եք և այդ բնաշխարհի ու նրա մարդկանց գեղարվեստական կերպարը կերտող քչերից մեկը: Շնորհավո՛ր հոբելյանդ, թանկագին Նահապետ: Գրող-հրապարակախոսիդ համար 75 տարին հերթական մի հանգրվան է, և վստահ ենք, որ դա ստեղծագործական կյանքի մի նոր մեկնակետ կդառնա առաջիկա տասնամյակների համար»:
Իր համաքաղաքացի գրողին շնորհավորեց և խորհրդանշական հուշանվեր հանձնեց Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը։
Հոբելյարին իր օրհնությունը և բարեմաղթանքները հղեց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանը։
Գրչակից ընկերոջը շնորհավորեցին և ուշագրավ դեպքեր պատմեցին միջոցառմանը ներկա մտավորականներից շատերը:
«Հայաստան» հրատարակչության տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը տեղեկացրեց, որ տպագրության ընթացքի մեջ է Ֆ. Շաքարյանի «Օտարը» ծավալուն վեպը, որն ընթերցողի սեղանին կդրվի այս տարվա ամռանը։
Ցերեկույթի վերջում Ֆ. Շաքարյանն իր երախտիքի խոսքն ասաց Ա. Նալբանդյանին, Էդ. Միլիտոնյանին, Մ. Միկոյանին, Ա. Վարոսյանին, միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-12 17:35:18