Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր Գյուղատնտեսության նախարարը
10.03.2014
Մարտի 7-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի նպատակը մարզում կառավարության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսության ծրագրերի արդյունքներին տեղում ծանոթանալն էր, առկա խնդիրներին հաղորդակցվելը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նախարարը եղավ Սպիտակի թռչնաբուծարանում, որը ներկայում կառուցման փուլում է: Այստեղ գերմանական ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվում է 8 թռչնանոց, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է 30 հազար թռչնի համար: Կկառուցվի ևս 4 թռչնանոց և թռչնաբուծարանն ամբողջությամբ շահագործման կհանձնվի այս տարվա հունիս-հուլիս ամիսներին: Ինչպես վստահեցրեց թռչնաբուծարանի տնօրեն Գերասիմ Գևորգյանը, այստեղ աշխատելու հնարավորություն կունենա շուրջ 200 մարդ: Նախատեսվում է, որ թռչնաբուծարանը տարեկան շուրջ 3000 տոննա թռչնի միս կարտադրի:
Հաջորդ կանգառը Վանաձորում էր: Ս.Կարապետյանը և Ա. Նալբանդյանը եղան ցորենի, ալյուրի, մակարոնեղենի, հրուշակեղենի և լավաշի արտադրությամբ զբաղվող «Թալգրիգ» ընկերության Վանաձորի մասնաճյուղում: Այն գործում է արդեն շուրջ մեկ տարի, ունի երկու ալրաղաց՝ ընդհանուրը 100 տ օր-արտադրողականությամբ: Նախորդ տարի ընկերության տարածքում տեղադրվել են 7500 տոննա տարողությամբ ցորենի երեք շտեմարան, այս տարի նախատեսում է տեղադրել ևս մեկը: Այդուհանդերձ, ցորենի պահեստավորման հնարավորությունը կլինի 10.500 տոննա, իսկ մինչև 2016թ.՝ 17 հազար տոննա: Ցորենը հիմնականում ներկրվում է, սակայն օգտագործվում է նաև տեղի արտադրանքը: Ընկերությունում ստեղծված է 90 աշխատատեղ, այդ թիվը մինչև տարեվերջ նախատեսվում է հասցնել 170-ի, իսկ լրիվ արտադրական հզորության դեպքում՝ 300-ի: Առաջիկայում կգործարկվեն նաև մակարոնեղենի և փաթեթավորման արտադրամասերը: Գյուղատնտեսության նախարարը և մարզի ղեկավարն իրենց գոհունակությունը հայտնեցին կատարված մեծածավալ աշխատանքից՝ հույս հայտնելով, որ արտադրության ծավալներն առաջիկայում կավելանան:
Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում նախարարը մարզպետի հետ մասնակցեc համայնքի ղեկավարների, ֆերմերների, անտառային տնտեսության աշխատողների, մարզի ագրարային ոլորտին առնչվող մյուս մասնագետների հետ հանդիպում-խորհրդակցությանը:
Զեկուցմամբ հանդես եկավ Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Նա նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը մշտապես գտնվում է մարզի ղեկավարի, գյուղապետերի, համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր դրական տեղաշարժ դիտվում է որպես առավել լուրջ արդյունքների հասնելու նախադրյալ: Ա. Դարբինյանը տեղեկացրեց, որ պետության կողմից ցուցաբերվող գյուղատնտեսական աջակցության ծրագրերի և բնակլիմայական բարենպաստ պայմանների արդյունքում՝ 2012թ. համեմատությամբ 2013թ.-ին մարզի ցանքատարածություններն ավելացել են 5000 հեկտարով: Արդեն մի քանի տարի է՝ մարզի գյուղատնտեսներին կառավարության աջակցությամբ տրամադրվում են աշնանացան ցորենի էլիտային և առաջին վերարտադրության, գարնանացան գարու, կորնգանի և եգիպտացորենի բարձրորակ սերմացուներ: Ընդ որում, աջակցության ծավալները տարեցտարի ավելանում են: 2013թ. մարզին հատկացվել է 3545 տոնա ազոտական պարարտանյութ, ավելի քան 1 մլն 400 հազար լիտր դիզելային վառելանյութ: Աննախադեպ ցուցանիշ համարվեց նաև այն, որ 2012թ. համեմատությամբ 2013թ.-ին 15 հազար տոննա ավելի հացահատիկ է արտադրվել (ընդամենը 35 հազար տոննա): Անգամ անջրդի հողատարածքներում 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 40 ցենտներ, իսկ ոռոգվող տարածքներում՝ 70 ցենտներ: Բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաև մյուս մշակաբույսերի ուղղությամբ: Բերքատվության աճին, ըստ բանախոսի, նպաստել են նաև ոռոգման ցանցերի վերանորոգման, հիմնանորոգման ուղղությամբ կատարված ներդրումները: Ա. Դարբինյանն անդրադարձավ նաև անասնապահության ոլորտում գրանցված հաջողություններին՝ նշելով, որ 2013թ արձանագրվել է ինչպես անասնագլխաքանակի, այնպես էլ անասնապահական մթերքների արտադրության աճ: Նա նշեց, որ մարզային իշխանությունները կառավարության աջակցությամբ այս ոլորտը փորձում են զարգացնել նաև միջազգային դոնորների օգնությամբ: Ա. Դարբինյանն իր զեկույցում կարևորեց նաև գյուղտեխնիկայի նորացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ ևս մի շարք աջակցության ծրագրեր են իրականացվել, որոնք իհարկե ունեցել են իրենց շոշափելի արդյունքը: Նա անդրադարձավ նաև առկա խնդիրներին.
-Անհրաժեշտ պայմաններ կան և նպատակահարմար է տարածաշրջանում ստեղծել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ոչխարաբուծական և տավարաբուծական տնտեսություններ, կենդանիների մորթի արտադրամաս, մսի, կաթի, պտղի, կաշվի, բրդի վերամշակման ձեռնարկություններ: Ոռոգման ջրի մշտական ապահովվածության համար կարևորում ենք Գետիկի ջրամբարն ավարտուն տեսքի բերելը, «Գետիկ» և «Լոռու ջրանցք» ՋՕԸ-ների հզորացումը: Մարզում դեռևս անբավարար է ոռոգման համակարգի տեխնիկական վիճակը: Մարզի ավելի քան 9600 հա ոռոգելի հողատարածքներից ոռոգվում է մոտ 3000-ը: Միաժամանակ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել գյուղացիական տնտեսությունների խոշորացման, ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ,- ասաց Ա.Դարբինյանը:
Ս.Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ մարզում գյուղատնտեսության ոլորտում 2013թ.արձանագրված հաջողություններին, առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:
Նա կարևորեց հատկապես պետական գյուղատնտեսական աջակցության ծրագրերը, որոնք զգալի դերակատարություն են ունեցել ոլորտի զարգացման գործում: Նախարարը վստահեցրեց, որ այդ ծրագրերը շարունակական կլինեն: Ս. Կարապետյանը մարզի համար լուրջ խնդիր համարեց մթերող կազմակերպությունների, վերամշակող ձեռնարկությունների բացակայությունը:
-Մեր խնդիրը մարզում վերամշակող ճյուղի գործարկումն է, կարողությունների հզորացումը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները խնդիրներ չունենան իրենց արտադրանքի իրացման հարցում,- ասաց նա:
Նախարարը առկա խնդիրների հաղթահարման կարևոր ուղի համարեց կոոպերատիվների ստեղծումը, ապահովագրական համակարգի ներդրումը՝ նշելով, որ այս ուղղությամբ ևս քայլեր են կատարվում: Անդրադառնալով հակակարկտային կայանների տեղադրման հարցին՝ նա նշեց, որ նախորդ տարի մարզին հատկացվել է՝ 7, իսկ այս տարի կհատկացվի 5 հակակարկտային կայան: Նա պատասխանեց նաև ներկաների հարցերին:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար Ս. Կարապետյանը «Գյուղատնտեսության նվաճումներ» ոսկե մեդալով պարգևատրեց Տաշիր քաղաքի «Բոզոյան» ՍՊԸ տնօրեն Ջոն Պողոսյանին, Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Նովիկովին, Վարդաբլուր համայնքի ֆերմեր Վռամ Գյուլզադյանին, տասը գյուղատնտեսների նախարարը պատվոգրեր հանձնեց: