Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայ Ասպետ» հեռուստախաղի հաղթողները՝ մարզպետին հյուր
06.03.2014
Նախորդ տարի «Հայ Ասպետ» հեռուստախաղին փայլուն մասնակցություն ունեցավ Լոռու մարզի Մեծավան համայնքի թիվ 2 դպրոցի թիմը: Վերջինս առաջին և երկրորդ փուլերում հաղթող ճանաչվելով՝ նախորդ տարի՝ նոյեմբերի 30-ին, մասնակցեց եզրափակիչ փուլին: Այն 200-րդ հեռուստաեթերն էր, ուստի մասնակից երեք թիմերն էլ (Մեծավանի թիվ 2, Խնձորեսկի և Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցներ) հաղթող ճանաչվեցին՝ արժանանալով գլխավոր մրցանակին. նրանք Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հովանավորությամբ ամռանը կլինեն պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում:
Մեծավանի թիվ 2 դպրոցի աշակերտներին, դպրոցի կոլեկտիվին հյուրընկալեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև «Հայ Ասպետ» հեռուստախաղի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ, Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը, աշակերտների ծնողները:
Մարզի ղեկավարը շնորհավորեց աշակերտներին հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ մասնակցությունն այս հեռուստախաղին զգալիորեն բարձրացնում է նրանց առաջադիմությունը, հայրենասիրական ոգի դաստիարակում:
Կարին Տոնոյանն ընդգծեց լոռեցի աշակերտների ակտիվ մասնակցությունը «Հայ Ասպետ» հեռուստախաղին: Նա նշեց, որ հեռուստանախագծի հիմնական նպատակը մատաղ սերնդի մեջ Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության ոգու սերմանումն է, մարզերի կրթօջախների միջև բարեկամական կապերի հաստատումը: Այս հարցում նա կարևորեց նաև մրցույթին մասնակցող կրթօջախների ուսուցիչների մեծ ջանքերը:
Կ. Տոնոյանը հուշանվեր և ոսկե մեդալներ հաձնեց Մեծավանի թիվ 2 դպրոցի թիմում ընդգրկված աշակերտներին: «Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանը մարզի ղեկավարի կողմից դպրոցին համակարգիչ նվիրեց: Աշակերտներն իրենց հերթին հուշանվերներ էին պատրաստել Արթուր Նալբանդյանի և Կ. Տոնոյանի համար:
Թիմին աջակցելու համար Լոռու մարզպետին, «Լոռու դպրոց» և «Տաշիր» հիմնադրամներին շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի տնօրեն Արարատ Սոլոյանը: