Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսավոր երեկո՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 և գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 90-ամյակին
20.02.2014
Փետրվարի 19-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Լոռու մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 և գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, մտավորականներ, հյուրեր:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեծն Թումանյանի գրական ժառանգությունը 21-րդ դարում էլ նույնքան արդիական է ու պահանջված, որքան ավելի քան մեկ դար առաջ»:
Նա անդրադարձավ նաև գուսան Զաքարյանի մշակութային ժառանգությանը՝ նշելով, որ միության ջանքերով հայտնաբերվել և վերականգնվել են գուսանի՝ նախկինում քիչ հայտնի ստեղծագործությունները, որոնք տեղ են գտել «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց», «Երգարան» ժողովածուներում:
Սկիզբ է դրվել նաև մի հետաքրքիր նախաձեռնության. «Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Լոռվա ձոր» հայրենակցական միության հետ մեկ ամիս առաջ հայտարարել էր Թումանյանին նվիրված դեռևս չտպագրված գրքերի մրցույթ: Հաղթող է ճանաչվել և մրցանակի արժանացել մանկագիր Սուրեն Մուրադյանը՝ «Թումանյանի հետ» անտիպ ժողովածուի համար, որի տպագրությունը ստանձնել է նշված հրատարակչությունը:
«Այսօր ոչ միայն լոռեցիների տոնն է, այլև համայն հայության, որովհետև այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Մեծն Թումանյանի և Գուսան Զաքարյանի հիշատակին: Առավել հպարտ ենք մենք՝ լոռեցիներս, որ ծնվել ու ապրում ենք այն բնաշխարհում, որը նման մեծեր է ծնել: Լոռեցիները գիտեն մեծարել ազգի արժանավոր զավակներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Նալբանդյանը:
Միջոցառման ընթացքում հանրապետության ճանաչված արտիստների, «Հորովել» երգի-պարի համույթի կատարմամբ հնչեցին Ամենայն հայոց բանաստեղծի և Լոռու անվանի գուսանի ստեղծագործությունները, կազմակերպվեց նաև գրքերի ցուցահանդես-վաճառք: