Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Լոռու մարզպետի տարեկան հաշվետվությունը

14.02.2014

Փետրվարի 14-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի  անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի ընդլայնված նիստ:

Օրակարգում մեկ հարց էր. ՀՀ Լոռու մարզպետի 2013 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Նիստին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, գործադիր իշխանության մարզային կառույցների ղեկավարներ, մարզային ենթակայության հիմնարկների, համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքային ենթակայության հիմնարկների, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ, մտավորականներ և այլոք:

Ա. Նալբանդյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ առավել հանգամանորեն անդրադառնալով եկամուտների հավաքագրման իրավիճակին, գյուղատնտեսության, բնապահպանության առողջապահության,սոցիալական ապահովության, կրթության ոլորտներին, զարգացման ծրագրերին, արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլոգիաների  զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, քաղաքաշինության, ճանապարհաշինության, գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման հիմնախնդիրներին, բնակարանային տնտեսության, արտաքին հարաբերությունների, միջազգային ծրագրերի և տուրիզմի զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով կատարված աշխատանքներին:

 Մարզի ղեկավարն առանձնացրեց նախորդ տարվա ընթացքում արձանագրված մի շարք կարևոր ձեռքբերումները՝ մասնավորապես գյուղատնտեսության, անասնապահության բնագավառներում՝ ընդգծելով, որ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շնորհիվ մարզում ցանքատարածություններն ավելացել են շուրջ 4000 հեկտարով, գրեթե բոլոր մշակաբույսերի առումով ավելացել է բերքատվությունը, զգալիորեն ավելացել է նաև անասնագլխաքանակը:

 Մարզում նախորդ տարի մեծածավալ շինաշխատանքներ են իրականացվել և՛ պետական միջոցներով, և՛ մասնավոր ներդրումներով: Կառուցողական ծավալուն աշխատանքներ են կատարվել կրթության և առողջապահության բնագավառներում: Վերակառուցվել և վերանորոգվել են   մի շարք կրթօջախներ, առողջապահական հիմնարկներ: 2016-ին շահագործման կհանձնվեն գերժամանակակից սարքավորումներով և գույքով կահավորված Վանաձորի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը (Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ) և ծննդատունը՝ («Տաշիր» հիմնադրամի աջակցությամբ):

Լուրջ քայլեր են ձեռնարկվում արտաքին կապերի ամրապնդման, մարզում ներքին  ու միջազգային զբոսաշրջության  զարգացման ուղղությամբ:

Մարզի ղեկավարը իր մտահոգությունն արտահայտեց նաև շարք ոլորտներում առկա բացթողումների մասին: Մասնավորապես դժգոհեց հանրակրթական  ուսումնական  հաստատություններում  նախորդ  տարվա համեմատությամբ կրթության մակարդակի էական նահանջի վերաբերյալ: Լուրջ խնդիր համարեց հատկապես արդյունաբերության ծավալների նվազումը, որի անմիջական հետևանքը գործազրկության մակարդակի աճն էր: Դրա հաղթահարման գործնական քայլերից  մեկը, մարզպետի համոզմամբ, փոքր և միջին բիզնեսի խթանումն է, մանավանդ, որ առաջավոր եվրոպական երկրներում  տնտեսությունների զարգացման  գրավականը  հենց  միջին  ու  փոքր  բիզնեսի խրախուսումն է:  

Իր  տարեկան  զեկույցում մարզպետ  Ա. Նալբանդյանն ամփոփ ներկայացրեց նաև երեխաների ու  կանանց  իրավունքների պաշտպանության, մարզի կարիքավոր բնակչության համակողմանի  աջակցության, հատկապես  գյուղական համայնքներում տեղեկատվական  տեխնոլոգիաների արմատավորման  և  այլ ուղղություններով իրականացված աշխատանքների մասին:

Լոռու մարզպետի 2013թ. կատարած  աշխատանքների մասին հաշվետվության ամբողջական  տեքստին  կարող  եք  ծանոթանալ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06