Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը

12.02.2014

Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նա Լոռու մարզպետարանում քննարկում անցկացրեց մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ԱԻՆ, Լոռու մարզի փրկարարական վարչության աշխատակիցների մասնակցությամբ: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Վանաձորում կգործի Ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ)՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որը կհամակարգի մարզում տեղի ունեցող արտակարգ դեպքերի արձագանքման աշխատանքները: ՃԿԿ-ի ստեղծումը նաև նոր աշխատատեղերի խնդիր կլուծի. աշխատանքի կընդունվեն նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Այն տեղակայված կլինի «Լոռի-Փամբակ» երկրագիտական թանգարանի նախկին տարածքում, որը ԱԻ նախարարությանն է տրամադրվել Վանաձորի ավագանու որոշմամբ:
Ա.Երիցյանի տեղեկացմամբ՝ Հանրապետության Նախագահը մեծ կարևորություն է տալիս 911 ծառայության զարգացմանը։
- Քաղաքացու մի զանգից հետո համակարգը պետք է համագործակցված աշխատի ու կարճ ժամանակում քաղաքացին պետք է ստանա որակյալ ծառայություն։ Ոչ մի զանգ չպետք է անպատասխան մնա,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ անցած տարվա ընթացքում ԱԻՆ կայացման նպատակով հսկայածավալ աշխատանք է կատարվել ու թեև անելիքներ դեռևս կան, այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատ լուրջ առաջընթաց է գրանցվել: Ա. Երիցյանը տեղեկացրեց նաև, որ Ստեփանավանի օդանավակայանը, որը տարիներ շարունակ անգործության է մատնվել, հանձնվել է ԱԻՆ տնօրինությանը, և այժմ այնտեղ շինարարական լուրջ աշխատանքներ են իրականացվում: Օդանավակայանի գործարկումը լուրջ դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանի համար արտակարգ դեպքերին արագ արձագանքման առումով:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներն իրենց հարցերն ուղղեցին նախարարին՝ բարձրացնելով մի շարք կարևոր խնդիրներ, որոնք առնչվում էին բնապահպանությանը, թունավոր թափոնների վնասազերծմանը, մարզի սողանքավտանգ գոտիներին, գետերի հուների մաքրմանը, ամենագնաց մեքենաների տրամադրմանը: Նախարարն անմիջապես հանձնարարականներ հնչեցրեց՝ խոստանալով հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետին՝ ԱԻ նախարարության հետ համագործակցության, Լոռու մարզի փրկարարական վարչությանը ցուցաբերած մեծ աջակցության, առաջացած խնդիրներին արագ արձագանքման համար: Նախարարը Ա. Նալբանդյանին հանձնեց ԱԻՆ տարբերանշանը:
Մարզի ղեկավարն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ա. Երիցյանին՝ հետևողական աշխատանքի համար:
Նույն օրը նախարարը եղավ նաև Վանաձորի հրշեջ փրկարարական ջոկատներում՝ խրախուսական պարգևներ հանձնելով Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանին, վարչության մի շարք աշխատակիցների, ՃԿԿ-ի համար նախատեսված տարածքում, ինչպես նաև Ստեփանավանի օդանավակայանում՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27