Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում

07.02.2014

Լոռու մարզի համայնքների կին ղեկավարների, ավագանու կին անդամների մասնակցությամբ «Կանանց դերը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում» թեմայով փետրվարի 7-ին, քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը, վարչությունների և բաժինների ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ ու Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի մարզային կենտրոնի ղեկավար Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ հանդիպման կազմակերպման նպատակը տեղական ինքնակառավարման մարմիններում ընդգրկված կանանց՝ աշխատանքի ընթացքում ծագող խնդիրների վերհանումն է, պետական կառավարման մարմինների հետ համագործակցության խթանումը:
Մարզի ղեկավարը ողջունեց միջոցառման նախաձեռնությունը՝ կարևորելով կանանց ներգրավվածությունը թե՛ պետական կառավարման և թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում: Նրա խոսքով, կանայք շատ հաճախ առավել պատասխանատվությամբ են վերաբերում իրենց գործին: Այս առումով նա առանձնացրեց հատկապես Դաշտադեմ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր համայնքները, որոնց կին ղեկավարները, չնայած համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներին, պատվով են կատարում իրենց գործը: Նա կարևորեց հատկապես կանանց մասնակցությունը ՏԻՄ համակարգի կայացման գործում, իսկ կին համայնքապետերին խորհուրդ տվեց, որպեսզի աշխատանքն առավել տեսանելի ու գնահատելի լինի, իրականացնել մասնակցային կառավարում, խթանել ավագանու ինստիտուտի կայացմանը:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ կանայք իրենց հարցերն ուղղեցին Ա. Նալբանդյանին: Նրանք անդրադարձան համայնքներում առկա հրատապ խնդիրներին, համայնքների՝ առաջիկայում նախատեսվող միավորման գործընթացին, այս պարագայում ՏԻՄ-ում կանանց ներգրավվածության դժվարություններին: Մարզպետը սպառիչ պատասխաններ տվեց բարձրացված հարցերին: Քննարկումների կազմակերպման համար՝ նա շնորհակալություն հայտնեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցել նաև առաջիկայում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27