Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիմնադրվեց Հայաստանի պարարվեստի գործիչների միության Լոռու մարզային բաժանմունք

24.01.2014

Հայաստանի պարարվեստի գործիչների միության  Լոռու մարզային բաժանմունք ստեղծելու նպատակով   հունվարի 23-ին  Վանաձորում էին  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պարարվեստի ամբիոնի վարիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը, նույն ամբիոնի դասախոս Գագիկ Կարապետյանը: Նրանք հանդիպում ունեցան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, ներկայացրեցին այցի նպատակը, ինչպես նաև մարզում պարարվեստի զարգացման հեռանկարները։ Մարզպետը, ողջունելով նախաձեռնությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել:

Հայաստանի պարարվեստի գործիչների միության  Լոռու մարզային բաժանմունքի հիմնադիր ժողովն անցկացվեց Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքում: Կարեն Գևորգյանը ներկայացրեց միության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք ոչ միայն նպաստում են  պարարվեստի մասսայականացմանը Հայաստանում, այլև հայկական պարի առավել լայն ճանաչմանն աշխարհի տարբեր երկրներում։ Նա տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից Երևանի թվով 30 դպրոցներում, իսկ եկող տարվանից՝ Հայաստանի շուրջ 1000 դպրոցներում կդասավանդվի հայկական պար:

 Հիմնադիր ժողովին ներկա արվեստագետներից ու մտավորականներից շատերն արտահայտեցին իրենց կարծիքը մասնաճյուղի ստեղծման և մարզում պարարվեստի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քվեարկությամբ ընտրվեց բաժանմունքի խորհրդի կազմը: Բաժանմունքի նախագահին ընտրեցին խորհրդի 11 անդամները։ Բաց քվեարկությամբ բաժանմունքի նախագահ ընտրվեց Վանաձորի քաղաքապետարանի  «Հորովել» երգի-պարի համույթի  բալետմայստեր Արայիկ Գևորգյանը։ Շնորհակալություն հայտնելով  վստահության համար, նա  խոստացավ անել հնարավորինը՝ մարզում պարարվեստը զարգացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:55:38