Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռու մարզում էր

23.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզային այցելությունների շրջանակներում հունվարի 22-ին Լոռու մարզում էր: Աշխատանքային այցի ընթացքում նա, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելեց Ստեփանավանի տարածարջան՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն:
Փոխվարչապետը ծանոթացավ կենտրոնի աշխատանքներին, գործառույթներին, մատուցվող ծառայությունների ուղղություններին, զարգացման ծրագրերին: Քննարկվեցին նաև գյուղատնտեսության աջակցության ոլորտում հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) հետ որոշ ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Պատասխանատուները նշեցին, որ Գյուղատնտեսական սպասարկման կենտրոններ (ԳՍԿ) են գործում Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում` ընդհանուր առմամբ սպասարկելով շուրջ 15 հազար ֆերմերի:
ԳՍԿ-ների միջոցով մատուցվում են անվճար և վճարովի գյուղատնտեսական ծառայություններ, իրականացվում է խորհրդատվություն: Տեղեկացվեց, որ CARD հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս 7 ԳՍԿ:
Փոխվարչապետն այցելեց նաև Տաշիրի տարածաշրջանում գործող «Դուստր Մելանիա» պանրագործական ընկերություն, ծանոթացավ արտադրության պայմաններին: Նշվեց, որ CARD հիմնադրամի աջակցությամբ ընկերությունը զգալիորեն բարելավել է պանրի որակը, և ներկայումս արտադրանքը նաև արտահանվում է, մասնավորապես` Ռուսաստան և ԱՄՆ: Բացի այդ, ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի աջակցմամբ «Դուստր Մելանիա» ընկերությունում հիմնվել է վարպետ պանրագործների դպրոց, որն աջակցում է փոքրածավալ պանրի արտադրությանը` արտադրողներին ուսուցանելով պանրագործության հիմնական տեխնոլոգիային:
Փոխվարչապետն այնուհետև Վանաձորում այցելեց Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ, շրջայց կատարեց շենքում, ծանոթացավ փաստաթղթերի պահպանման և աշխատանքների կազմակերպման պայմաններին: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ մասնաճյուղի ոչ բավարար շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս բնականոն գործունեության ապահովման և ծառայությունների պատշաճ մակարդակով իրականացման համար: Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագրի շրջանակում մասնաճյուղին նոր տարածք է տրամադրվել Վանաձորում: Վերանորոգելուց ու կահավորելուց հետո այնտեղ կտեղափոխվեն պահոցներն ու փաստաթղթերի մշակման, թվայնացման լաբորատորիաները: Տարածքի վերանորոգումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:
Ա. Գևորգյանը հույս հայտնեց, որ նոր պայմանների ստեղծումը հնարավորություն կտա բնակչությանն ավելի որակյալ ծառայություններ մատուցել: Նա նաև կարևորեց անհրաժեշտ սարքավորումներով վերազինման և փաստաթղթերի թվայնացման աշխատանքների իրականացումը:
Օրվա վերջում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանում` մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Զեկուցվեց, որ մարզային զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 251 միջոցառում, որից կատարվել է 184-ը կամ 72,5 տոկոսը: Մարզում 2013թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 39,7 մլրդ դրամ, որից միայն 33 միլիարդը` արդյունաբերության, ՓՄՁ-ների ոլորտում ու մասնավոր հատվածում, քաղաքաշինության ոլորտում կատարվել են շուրջ 2 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 3 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` շուրջ 1,3 մլրդ դրամի ներդրումներ:
Արձանագրվեց, որ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից առաջնահերթ են մնում մի շարք գյուղական համայնքներում երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդրի լուծման, ինչպես նաև Վանաձորի Քիմպրոմի աշխատանքների լիարժեք ապահովման հարցը:
Նշվեց, որ ձեռնարկված քայլերի արդյունքում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, գյուղացիական նշանակության հողերի օգտագործման դրական դինամիկա է նկատվում, սակայն դեռևւս առկա են բնակիչների կողմից չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու գործընթացի հետ կապված չլուծված խնդիրներ: Կարևորվեց մարզի որոշ, մասնավորապես` Սպիտակի ու Ստեփանավանի տարածաշրջաններում, հակակարկտային կայանների տեղադրման հարցը:
Տեղեկություններ ներկայացվեցին մարզի համայնքներում ջրամատակարարման ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին: Փոխվարչապետը նշեց, որ հունվարի 1-ից «Լոռիջրմուղկոյուղի» ընկերության կառավարումը նոր կոնսորցիում է ստանձնել: Նա մարզային ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հորդորեց սերտորեն համագործակցել նոր կառավարիչների հետ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 98.3 տոկոս: 2012 թվականի համեմատությամբ եկամուտների ցուցանիշն աճել է ընդամենը 6.9 տոկոսով կամ 356.534 հազար դրամով: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 98.9, հողի հարկի հավաքագրումը` 89.6 տոկոսով:
Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի և գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ կազմում է շուրջ 58 մլն դրամ, որից միայն Վանաձոր քաղաքի բյուջեի նկատմամբ պարտավորությունը 50, 8 մլն դրամ է: Փոխվարչապետը քաղաքապետներին հորդորեց անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ: Նա անթույլատրելի համարեց հատկապես քաղաքային համայնքներում բյուջեների թերակատարումն ու ապառքների կուտակումը և առաջարկեց բյուջեների կատարման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել հենց տարեսկզբից:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վանաձորի քաղաքային իշխանությունները քաղաքի զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություն կներկայացնեն կառավարություն:
Փոխվարչապետը կարևորեց մարզպետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների արդյունավետ գործունեության ապահովման ուղղությամբ համպատասխան աշխատանքների իրականացումը ու ֆինանսական կարգապահության ապահովումը:
Անդրադարձ եղավ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործընթացին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 113 համայնքից 48-ում, որոնցից միայն 39 համայնք ունի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն իրականացնելու հնարավորություն:
Քննարկվեցին նաև մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, համայնքային ծառայության ոլորտին վերաբերող ու ընթացիկ մի շարք այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27