Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
20.01.2014
Հունվարի 20-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության կողմից բաժնին տրամադրած 2014թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալները պարտուսից դուրս մնացած, թափառաշրջիկ, մուրացիկ և հանցագործություն կատարած երեխաների վերաբերյալ: Նա տեղեկացրեց, որ գրանցված է պարտուսից դուրս մնացած, թափառաշրջիկ և մուրացիկ 6-ական երեխա, իրավախախտ ՝ 16, հանցագործություն կատարած՝ 8 երեխա: Հաշվառվել են նաև երեք ընտանիքներ, որոնցում ծնողները բացասական ազդեցություն են ունենում երեխաների բարոյահոգեբանական վիճակի վրա:
Մարզպետը վերոնշյալ բաժնին և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարական տվեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատկապես պարտուսից դուրս մնացած երեխաներին.
-Որևէ երեխա սոցիալական խնդիրների պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իր իրավունքից,-ասաց Ա. Նալբանդյանը:
Եթե մինչ այժմ ոստիկնությունը հաշվառված երեխաների մասին մարզպետարանին տեղեկատվություն էր հաղորդում եռամսյակը մեկ, ապա այսուհետ մարզպետի առաջարկությամբ՝ տեղեկատվություն կտրամադրվի ամիջապես՝ երեխայի հայտնաբերման դեպքում, որին կհաջորդեն համապատասխան գործողությունները:
Անդրադարձ կատարվեց նաև ներառական կրթության կազմակերպմանը: Ինչպես տեղեկացրեց Ն. Սարգսյանը, հունվարից մարզում ներառական կրթություն է իրականացվում թվով 13 դպրոցներում (հունվարի 1-ից նաև Վանաձորի թիվ 6, 25, Ալավերդու թիվ 12 և Ախթալայի դպրոցներում), որտեղ կրթություն են ստանում տարաբնույթ խնդիրներ ունեցող 300 երեխաներ: Մարզպետի հստակ պահանջն է, որպեսզի նշված դպրոցներում ներառական կրթություն իրականացնեն բացառապես մասնագետ մանկավարժները՝ հաշվի առնելով, թե ինչպիսի կարիքներով, ինչ խնդիրներով երեխաներ են հաճախում տվյալ ուսումնական հաստատություններ: Իրական պատկերը ճշտելու նպատակով ուսումնասիրություններ կկատարվեն դպրոցներում:
Հայտնի է, որ 2014-ի հունվարի 1-ից 100, 101-ից 300, 301 և ավելի աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցներում ֆինանսավորման նոր կարգ է գործելու: Դպրոցներն այսուհետ կառաջնորդվեն նաև հստակեցված հաստիքացուցակներով: Ա. Նալբանդյանը կարևորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումներ, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձևը: Մարզպետը վստահեցրեց, որ լուրջ խնդիրներ դպրոցներում չեն առաջանա, քանի որ մարզպետներին հնարավորություն է ընձեռվել ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարել: Ա. Նալբանդյանը մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի և սպորտի վարչություններին հանձնարարեց կարճ ժամկետներում նախնական հաշվարկներ կատարել, որպեսզի աշխատավարձի ուշացումներ դպրոցներում չլինեն:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսան զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց 2013թ. սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները. սեփական եկամուտների կատարողականը կազմել է 95,5 տոկոս, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 106,3 տոկոս, հողի հարկի կատարողականը՝ 89,6 տոկոս (աճը՝ 110,3 տոկոս), գույքահարկը՝ 98,9 տոկոս (աճը՝ 106,7 տոկոս), գույքի վարձակալությանը՝ 105,5 տոկոս (կատարողականը՝ 95,5 տոկոս): Այս տարվա հունվարի 17-ի դրությամբ սեփական եկամուտների կատարողականը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 48,6 տոկոս, գույքահարկը՝ 75,8 տոկոս, հողի հարկը՝ 24 տոկոս:
Ա.Նալբանդյանը հորդորեց ամենամսյա հետևողական աշխատանք տանել նաև 2014-ին, որպեսզի ցուցանիշներն առավել գոհացուցիչ լինեն: Նա դժգոհություն հայտնեց, որ մարզի համայքներից 15-ի 2014թ. բյուջեներով տեղական տուրքեր նախատեսված չեն, տրամաբանությունից դուրս համարելով, թե այդ համայքներում գոնե մեկ առևտրի կետ չի գործում: Նա փոխմարզպետներին հանձնարարեց հետևողական լինել նաև այս հարցում:
Մարզի ղեկավարն անդրադարձավ Լոռու մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի (ԳԱՄԿ) աշխատանքների արդյունավետությանը՝ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարելով կատարել համապատասխան ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ:
Մարզի ղեկավարը տեղեկացրերց նաև, որ կառավարության գյուղատնտեսության աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև այս տարի: Վարչության պետին հանձնարարվեց, ճշտել դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի պահանջարկը, իսկ գումարները հավաքագրել նախապես:
Քննարկվեցին նաև այլ հարցեր: