Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

09.01.2014

Հունվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Ամփոփելով նախորդ տարին՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ 2013թ.-ը բուռն աշխատանքային տարի է եղել, լուրջ քաղաքական գործընթացներ են իրականացվել, լուծում են ստացել բազմաթիվ խնդիրներ: Այսուամենայնիվ, ըստ նրա, շարունակում է մտահոգիչ մնալ արտագաղթը և գործազրկությունը: Մարզի ղեկավարի վստահեցմամբ, այս տարվա ծրագրերի մեծ մասն ուղղված են լինելու այդ կարևորագույն խնդիրների լուծմանը:
-2014թ.-ին ևս, համոզված եմ, աշխատանքային ձեռքբերումներ ենք ունենալու, քանի որ մեր բոլոր քայլերն ուղղվելու են դրան: Եթե նպատակ ունենք ինչ- որ բան փոխել, ապա պետք է մատաղ սերնդի մեջ վառ պահենք հայրենասիրական ոգին: Այդ նպատակով պետք է լուրջ աշխատանքներ տարվեն նախակրթարաններում, դպրոցներում,- ասաց Ա. Նալբանդյանը:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը տեղեկացրեց, որ մարզպետի հանձնարարությամբ մարզի հանրակրթական դպրոցներում կանցկացվի հայրենասիրական թեմայով շարադրությունների մրցույթ, լավագույն շարադրությունները կարժանան մարզպետի մրցանակներին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2013թ. 90 տոկոսից ավելի հավաքագրում է ապահովվել բոլոր հարկատեսակների գծով, իսկ նախորդ տարվա համեմատությամբ ցուցանիշները գերազանցել են 100 տոկոսը: Ըստ մարզի ղեկավարի, սա ողջ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի վկայությունն է:
-Տեմպերը չպետք է թուլացնենք նաև 2014.-ին, աշխատանքներ պետք է տարվեն յուրաքանչյուր ամիս,- ասաց մարզպետը:
Ա. Նալբանդյանը կարևորեց նաև տարեվերջյան ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման անհրաժեշտությունը թե՛ համայնքների ղեկավարների, թե՛ մարզպետարանի ենթակայության կառույցների կողմից:
Ըստ նրա, առավել հետևողական աշխատանք պետք է ակնկալել նաև վարչական հանձնաժողովի և ներքին աուդիտի բաժնի մասնագետներից: Մարզպետարանի ենթակայության բոլոր կառույցները պետք է աշխատեն օրենքով սահմանված կարգով: Մեր նպատակը ոչ թե պատժամիջոցներ կիրառելն է, այլ օրինազանցությունները կանխելը, պետական միջոցների նպատակային օգտագործումը,-ասաց նա:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ այս տարի ևս շարունակվելու են գյուղատնտեսական աջակցության ծրագրերը, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, պետության աջակցությամբ մատչելի գներով տրվող պարարտանյութը, դիզվառելիքն ու սերմացուն կտրվեն միայն գումարների նախապես հավաքագրման դեպքում:
Քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06