Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը

20.12.2013

Դեկտեմբերի 20-ին անցկացվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տարեվեջյան մամլո ասուլիսը, որին մասնակցում էին մարզի լրատվամիջոցների ներկայացուցիչները, հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, վարչությունների և բաժինների պետերը:
Մարզպետը ողջունելով ներկաներին, համառոտ ներակայացրեց մարզում 2013թ. 11 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները (ամբողջական տեղեկատվությունը lori.gov.am կայքի «Մարզպետարան» բաժնի, «Հաշվետվություններ» ենթաբաժնում)՝ նաև անդրադառնալով ձեռքբերումներին և մարզում առկա խնդիրներին, առաջիկա ծրագրերին: Որպես լուրջ ձեռքբերում՝ նա մասնավորապես առանձնացրեց այն, որ ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի վարկանիշների մոնիտորինգի արդյունքներով (մոնիտորինգն իրականացրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն) Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկատվական մատչելիության գործակիցը, հանրապետության մարզերի կայքերի մոնիտորինգի վարկանիշային աղյուսակում 2-րդն է, իսկ հանրապետության 50 պետական մարմինների վարկանիշային աղյուսակում՝ 4-րդը: Ըստ մարզի ղեկավարի, դա Լոռու մարզպետարանի թափանցիկ աշախատելոճի և հանրային կառույցների հետ արդյունավետ համագործակցության վկայությունն է:
Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսության, քաղաքաշինության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում արձանագրված հաջողություններին:
Գյուղատնտեսական տարին, ըստ Ա. Նալբանդյանի, հաջող է եղել: Մարզի ցանքատարածությունները 2012թ. համեմատությամբ, կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ նաև, ավելացել են շուրջ 4000 հեկտարով: Աճի տենդենցն ակնառու է: Միայն հացահատիկային մշակաբույսերի առումով այս տարի 15 հազար տոննա ավելի բերք է ստացվել: Գյուղացիական տնտեսություններին ուղղված պետական աջակցության ծրագրերն արդեն 3 տարի է, ինչ իրականացվում են՝ մատչելի գներով պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի տրամադրման եղանակով: Աջակցություն է ցուցաբերվում նաև փոքր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման, ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից մատչելի գներով, լիզինգային տարբերակով տրվող գյուղտեխնիկայի, ֆերմերային տնտեսույթունների կազմակերպման և վերջիններիս աջակցության միջոցով և այլն:
Քաղաքաշինության ոլորտում ևս զգալի առաջընթաց է գրանցվել: ՀՀ կառավարության կողմից մարզում հրատապ ծրագրերի իրականացման համար հատկացվել է շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ: Դրա շնորհիվ մարզի մի շարք համայնքներում քառամյա զարգացման ծրագրերին համահունչ իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ՝ վերանորոգվել են ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ բուժհիմնարկներ, բարեկարգվել են բազմաբնակարանների տանիքներ, աջակցություն է ցուցաբերվել գազիֆիկացման, լուսավորության անցկացման աշխատանքներին, կառուցվել են համայնքային կենտրոններ և այլն:
Մարզի արդյունաբերության ոլորտում, սակայն 2 տոկոսի անկում է արձանագրվել, ինչն ըստ մարզի ղեկավարի, պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղահումքի գնային անկումներով: Մարզում հիմնականում զարգացած է հանքարդյունաբերությունը:
Կրթության համակարգում ևս բարեփոխումներ շարունակվում են: Ըստ մարզի ղեկավարի, աշակերտների թվաքանակի նվազմամբ պայմանավորված, հանրակրթության ոլորտում օպտիմալացումն անխուսափելի կլինի:
Առողջապահության ոլորտում մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել մարզի մի շարք համայնքներում: Ըստ Ա. Նալբանդյանի, կարևոր խնդիր է բուժհիմնարկները մասնագետ-կադրերով համալրումն ուսահուն սերնդափոխությունը: Այս ուղղությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հետ հետևողական աշխատանքներ են իրականացվում:
Արթուր Նալբանդյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:
«Ֆորտունա» հեռուստաընկերություն, Սարգիս Գոքորյան
-«Գլենդել Հիլզ» ընկերութունը, որն իրականացնում է «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բանկարանով ապահովման ծրագիրը» այս տարի ևս այն ավարտին չհասցրեց: Ո՞րն էր պատճառը և երբ վերջապես կվերանա աղետի գոտի հասկացությունը:
Մարզպետ.
- Այսօր ունենք 505 անավարտ բնակարններ, որոնցից շուրջ 246-ը շինարարության ընթացքի մեջ են, մյուսները՝ դեռ սկսված չեն: Քաղաքաշինության նախարարության և կառուցապատող ընկերության վստահեցմամբ՝ շինաշխատաքները կվերսկսեն 2014-ին:
«Հետք», Լարիսա Փարեմուզյան
-Վերջերս լրատվամիջոցներով հաճախակի է արծարծվում համայնքային կամ պետական հիմնարկները ղեկավար այրերի բարեկամներով, հարազատներով համալրման հարցը:Չե՞ք կարծում, որ նման հիմնարկներում պետք է աշխատեն բանիմաց մարդիկ:

Մարզպետ.
-Պետական և համայնքային ծառայության անցնելու համար մրցույթներ են հայտարարվում և աշխատանքի են ընդունվում նրանք, ովքեր հաղթող են ճանաչվում, այլ պաշտոններում աշխատելու համար օրենքը խտրականույթուն չի դնում քաղաքացիների միջև: Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները պարբերաբար քննարկվում են համայնքների ղեկավարների հետ: Այդ երևույթը, վստահ եմ, առկա է նաև ոչ պետական հիմնարկներում: Պետք է ջանանք նմանատիպ երեևույթները հասցնել նվազագույնի:
«Լոռու մարզ» թերթ, Մանվել Միկոյան
-Բնակչության թվի նվազեցմամբ պայմանավորված՝ հնարավո՞ր է նաև մարզի համաբուժարաններում ևս օպտիմալացում իրականացվի:
Մարզպետ.
-Ներկայումս հարցը քննարկման փուլում է:
«Վանաձորյան խճանկար», Գայանե Սարգսյան
-Մարզում արտագաղթը և գործազրկությունը մեծ չափերի են հասնում: Ի՞նչ պետք է ակնկալել 2014 թվականին:

Մարզպետ.
-Հարցն իսկապես մտահոգիչ է: Լոռու մարզն, ինչպես հայտնի է, խորհրդային տարիներից զարգացած արդյունաբերության համարում է ունեցել, սակայն այժմ արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը չի աշխատում, կամ աշխատում է մասամբ, ուստի գործազրկության մակարդակը բարձր է, անհամապատասխանություն կա նաև աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի միջև: Այսօր մեր բուհերը թողարկում են մասնագետներ, որոնք աշխատաշուկայում պահանջարկված չեն: Այդ է պատճառը նաև, որ ԿԳ նախարարությունը նախաձեռնություն է ցուցաբերել միավորելու Վանաձորի երկու բուհերը՝ ստեղծելով համալսարան: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա այն մասամբ պայմանավորված է աշխատատեղերի բացակայությամբ, մասամբ էլ նրանով, որ արտագաղթելը մոդայիկ է դարձել և, ըստ իս, բացատրվում է նաև հայրենասիրության պակասով: Արտերկրում մեր քաղաքացիները կատարում են շատ ավելի նվաստացուցիչ աշխատանքներ: Մինչդեռ հայրենիքում հրաժարվում են ցանկացած բանվորական աշխատանքից: Գործազրկության նվազեցման նպատակով մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր փոքր և միջին բիզնեսի զարգացման, հատկապես երիտասարդ, սկսնակ ձեռներեցներին աջակցելու նպատակով: Մեզ համար առաջնային խնդիր է արտագաղթի նվազեցումը:
Միայն համախմբվածությունը և սերը հայրենիքի նկատմամբ կօգնի հաղթահալելու բոլոր դժվարությունները:
«Ազատություն» ռադիոկայան, Նարե Ստեփանյան
-Շարունակելով արտագաղթի թեման, ուզում եմ նշել, որ մարզի շատ համայնքներում, չկան դպրոցներ, մանկապարտեզներ, խմելու ջուր, բարեկարգ ճանապարհներ և այլն:
Մարզպետ.
-Ձեր նշած համայնքներում բնակվում են 50, 80, 100 բնակիչ: Ուստի, խնդրի լուծման համար պետք է գնանք համայնքների միավորման ճանապարհով: Կառավարությունը չի կարող զգալի միջոցներ տրամադրել նման փոքր գյուղերում, ասենք, ճանապարհներ կամ ջրագծեր կառուցելու համար: Փոխարենը մարզի մեծ համայնքներում զգալի շինարարական աշխատանքներ են իրականացվում:

«Ասպարեզ», Նելլի Դավթյան

-Ի՞նչ ծրագրեր են նախատեսվում, ոչ աղետի հետևանքով բանակարան կորցրած ընտանիքների համար:
Մարզպետ.
-Խնդրին հանրավոր կլինի անդրադառնալ միայն «Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքներին բանկարանային ապահովման ծրագրի» ավարտից հետո:
Lorinews.am , Էդուարդ Արզումանյան
-Ի՞նչ ճակատագիր է սպասվում մարզկենտրոնի թվով 84 4-րդ կարգի վթարայնության շենքերին:
-Հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի՝ տարբեր ատյաններում: Խնդրի շուծումը կապված է լուրջ ֆինանսական ներդրումների հետ: Շենքի ամրացումը, ըստ կատարված հաշվարկների, շատ ավելի լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան նորի կառուցումը, ուստի առայժմ քաղաքաշինության նախարարությանը հանձնարարություն է տրվել քաղաքապետարանի հետ ուսումնասիրություններ կատարել նմանատիպ շենքերում՝ պարզելու, որքանո՞վ են բնակեցված, բնակարաններից քանիսն են սեփականաշնորհված և այլն: Ուսումնասիությունների ավարտին միայն հնարավոր կլինի լուծման տարբերակներ գտնել:

Եղան նաև այլ հարցեր, կապված Վրաստանին սահմանամերձ համայքներում առկա խնդիրների, աղբահանության, վարչական վերահսկողության և այլնի վերաբերյալ, որոնց մարզի ղեկավարը տվեց սպառիչ պատասխաններ:

Մամլո ասուլիսի ավարտին Լոռու մարզպետի հավաստագրերով և դրամական պարգևներով պարգևատրվեցին մարզպետարանի կողմից հայտարարված ամենամյա լրագրողական մրցույթում մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված լրագրողները:
«Մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին նվիրված վերլուծական հրապարակումներ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Lorinews.am կայքի հիմնադիր-խմբագիր Էդիկ Արզումանյանը, «Մարզի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության համակողմանի լուսաբանում» անվանակարգում՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը (ղեկավար՝ Սարգիս Գոքորյան), «Պատմամշակութային արժեքների ստեղծման և զարգացման, շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուսաբանում» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանի մարզային թղթակից Նարե Ստեփանյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53