Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

16.12.2013

Դեկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նախորդ շաբաթ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին: Մարզպետը հերթական անգամ կարևորեց սեփական եկամուտների հավաքագրման և համայնքներում 2014թ. բյուջեների կազմման գործընթացները:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը հարկերի հավաքագրման ցուցանիշները ներկայացրեց դեկտեմբերի 13-ի դրությամբ: Նրա տեղեկացմամբ, արդյունքները գոհացուցիչ են: Նշված ժամանակահատվածում հավաքագրվել է 64 մլն դրամ սեփական եկամուտ, որը կազմում է պլանի 35,4 տոկոսը, 34,7 մլն դրամ գույքահարկ՝ պլանի 47 տոկոսը և 10,8 մլն դրամ հողահարկ՝ պլանի 23 տոկոսը: Ինչ վերաբերում է 2014թ բյուջեների գործընթացին, Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն 52 համայնքների բյուջեները հաստատվել են: Մյուսները կհաստատվեն մինչև դեկտեմբերի 20-ը: Մարզպետն առանձնահատուկ կարևորեց ծախսերի առավելագույն արդյունավետ և նպատակային պլանավորումը` հաշվի առնելով նաև 2014թ. հուլիսից նվազագույն աշխատավարձի նախատեսվող բարձրացումները:
-Շեշտը պետք է դրվի համայնքային ենթակայության հիմնարկների առավել արդյունավետ գործունեության կազմակերպման վրա, քանի որ պետության կողմից լրացուցիչ դոտացիա տարվա ընթացքում չի տրամադրվի -ասաց Ա. Նալբանդյանը:
Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ 21 մլն դրամ կտրամադրվի Գուգարք գյուղում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ընտանիքներին: Ա. Նալբանդյանն անդրադառնալով այս հարցին, նշեց, որ օրեր առաջ կրկին հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ովքեր համաձայնության են եկել, որպեսզի գումարը ընտանիքներին բաշխվի հավասարաչափ:
Ա. Նալբանդյանը տեղեկացրեց նաև, որ վերոնշյալ խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ քննարկվել են նաև հանրակրթական հաստատությունների 2014թ. ֆինանսավորման հետ կապված հարցեր: Մարզպետարաններին է ներկայացվել հանրակրթական հաստատություններում ուսումնաօժանդակ անձնակազմի տիպային հաստիքների ցանկը: Մարզի ղեկավարը նշեց, որ 2014թ.-ից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները ֆինանսական խնդիրներ կունենան, ուստի փոքր դպրոցներում օպտիմալացումն անխուսափելի կլինի:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը զեկուցեց, որ կառավարության աջակցությամբ մատչելի գներով տրված պարարտանյութի գումարները հավաքագրման ընթացքի մեջ են: 120 մլն դրամ ընդհանուր գումարից ներկա դրությամբ հավաքագրվել է 110.5 մլն-ը: Պարտքեր ունեն միայն Լուսաղբյուրը, Սարահարթը, Կաթնաջուրը, Միխայելովկան և Վարդաբլուրը:
Մարզպետը հանձնարարեց հետևողականություն դրսևորել կարճ ժամանակահատվածում ամբողջ գումարը հավաքագրելու համար: Նա առաջարկեց, որպեսզի 2014թ.-ին ՀՀ կառավարության աջակցությամբ տրվելիք պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի համար գումարները գանձվեն տարեսկզբից սկսած և բաշխումը կատարել հավաքագրված գումարներին համապատասխան:
Քննարկվեցին նաև այլ հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09