Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն ընդունեց ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին
08.12.2013
Բռնցքամարտը, որ թե խորհրդային և թե ետխորհրդային տարիներին ամենաառաջատար մարզաձևերից մեկն է եղել մեր հանրապետությունում, և հայ մարզիկները ակնառու արդյունքների են հասել ամենահեղինակավոր միջազգային մրցահարթակներում, վերջին տարիներին կարծես ճգնաժամային իրավիճակում է: Ոլորտի վերլուծաբանների կարծիքով դրա հիմնական պատճառը, թերևս, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության անարդյունավետ գործելակերպն է եղել:
Բոլորովին վերջերս տեղի ունեցավ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություն և կառույցի նախագահ ընտրվեց միջազգային կարգի սպորտի վարպետ, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը:
Դեկտեմբերի 6-ին նորընտիր նախագահը ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Կարեն Սարիբեկյանի, Վահրամ Բաղդասարյանի, բռնցքամարտի Վանաձորի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր:
Մարզպետարանում նրանց ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ֆեդերացիայի նախագահը հակիրճ ներկայացրեց մարզաձևի ոչ բարվոք վիճակը, առաջնահերթ լուծման ենթական հինախնդիրները: Նշվեցին մարզաձևի զարգացմանը խոչընդոտող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք նյութատեխնիկական հագեցվածությամբ ժամանակակից մարզաբազաների, նոր մարզագույքի, բարձրորակ մարզիչների ու մասնագետների բացակայությունն է: Խիստ ցածր վարձատրության պատճառով հեղինակավոր մարզիչներից շատերը հեռացել են ասպարեզից: Բռնցքամարտի նոր կազմավորվող ֆեդերացիան իր ջանքերն ուղղորդելու է ոլորտում կուտակված հիմնախնդիրների հնարավորինս կարգավորմանն ու հայկական բռնցքամրտի երբեմնի վարկը վերականգնելուն: Ֆեդերացիան, իհարկե, իր հնարավորությունների սահմաններում օգնելու է համայնքներին, սակայն գլխավոր դերակատարը պետք է լինեն տեղական իշխանությունները:
Մարզպետ Ա. Նալբանդյանը հաջողություն մաղթելով ՀՀ բռնցքամարտի նորակազմ ֆեդերացիային և անձամբ նրա ղեկավարին, պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել Լոռու մարզում բռնցքամարտի բարենորոգման ու երբեմնի համբավի վերածնման համար: