Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում էր առողջապահության նախարարը
02.12.2013
Նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղավ Ախթալայում, որտեղ մասնակցեց նորակառույց առողջության կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Հանդիսավոր բացումից հետո նախարարը Լոռու մարզպետն ու առողջապահության ոլորտի մասնագետների հետ շրջեցին կենտրոնում,ծանոթացան իրականացված աշխատանքներին: «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2»-ի շրջանակներում ժամանակակից չափորոշիչներով կառուցված, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով, կահույքով հագեցած կենտրոնում կսպասարկվի Ախթալա, Շամլուղ, Նեղոց և Քարակոփ համայնքների շուրջ 3400 բնակիչ։ Նախկին անմխիթար վիճակում գտնվող պայմաններից հետո, ինչ խոսք, բնակիչներն այստեղ հաճույքով կօգտվեն ամբուլատոր ծառայություններից։
Ախթալայի առողջության կենտրոնի կառուցման համար ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 49 մլն դրամ, որից 2,5 մլն դրամը հատկացվել է համայքային բյուջեից: Ձեռք է բերվել 4.3 մլն դրամի բժշկական սարքավորումներ, պարագաներ և կահույք, 1.3 մլն դրամի համակարգչային սարքավորումներ:
-Վստահ եմ, որ ստեղծված հարմարավետ պայմաններում մեր մասնագետներն առավել մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ կկատարեն իրենց պարտականությունները։ Եվ մաղթում եմ, որ շահառուներն այս կենտրոն այցելեն միայն կանխարգելիչ նպատակներով,-շնորհավորելով հավաքվածներին` ասաց Դերենիկ Դումանյանը։
Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարարը, վերջին 12 տարիների ընթացքում Լոռու մարզում վերանորոգվել և կառուցվել են համայնքային 10 բուժհաստատություններ, մարզի առաջնային օղակի բոլոր բուժհաստատությունները հագեցվել են բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով: Ընտանեկան բժշկության մասնագիտացման ծրագրով մասնագիտացել են 57 բժիշկ և 82 բուժքույր:
Ընդհանուր առմամբ, վարկային ծրագրերով Լոռու մարզում առողջության առաջնային օղակոււմ կատարվել է ավելի քան 565 միլիոն դրամի (1միլիոն 255 հազար 875 ԱՄՆ դոլար) ներդրում:
Այնուհետեւ նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղավ նաեւ Ալավերդու բժշկական կենտրոնում որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են,նոր գույքն ու բուժսարքավորումները՝ պատվիրված: Ալավերդու բժշկական կենտրոնի նախկին պալիկլինիկական մասում տեղակայվելու է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը: Հյուրերը շրջեցին այս եւ մյուս բաժամունքներով, հիվանդասենյակներով: Վերանորոգման շինարարական աշխատանքները նախարարին գոհացնում է: Ալավերդու բժշկական կենտրոնի շենքն ամբողջությամբ կշահագործվի 2014 թվականի հունվար կամ փետրվար ամիսներին:
Օրվա ավարտին նախարար Դ. Դումիկյանը Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանի, փոխմարզպետ Ա.Դարբինյանի, Վանաձոր քաղաքի առողջապահական հիմնարկների տնօրենների և մարզի առողջապահական համակարգի գլխավոր մասնագետների, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում:
Քննարկվեցին համակարգին վերաբերող հիմնախնդիրները, ներկայացվեցին 2014թ. նախանշված ծրագրերը: Նախարարը պատասխանեց իրեն ուղղված հարցերին: