Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ռուսական գործակցության շրջանակներում

02.12.2013

Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը: Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:
Այս կոթողը խորհրդանշում է հայ-ռուսական բարեկամությունը, ուստի պատահական չէր, որ դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի Ստավրոպոլի մարզից ժամանած պատվիրակության անդամներին, ովքեր Հայաստանում էին հայ-ռուսական ֆորումին մասնակցելու համար, Լոռու մարզի պաշտոնյաները դիմավորեցին այստեղ, ապա ծաղիկներ ու ՀՀ և ՌԴ Պետական դրոշների խորհրդանշական ժապավեններով ծաղկեպսակ դրեցին հուշարձանին:
Հյուրերն ու հյուրընկալները ուղևորվեցին Լոռու մարզպետարան: Այստեղ ՌԴ պատվիրակության հետ հանդիպեցին Լոռու փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հյուրերը տեղեկացրեցին, որ Ստավրապոլում ապրում է 2 մլն. 75 հազար մարդ, նրանց 5 տոկոսը հայեր են: Պատվիրակության 9 անդամենրից չորսը ազգությամբ հայ էին: Նրանց թվում էին ոչ միայն մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, այլև գործարարներ, ուստի պատահական չէր, որ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը հյուրերին ներկայացրեց մարզի արդյունաբերական ու տուրիզմի պոտենցիալը: Հյուրերին ավելի շատ հետաքրքրում էր թեթև արդյունաբերությունը, պարզվեց նաև, որ նրանք մեծ ուշադրություն են դարձնում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Դմիտրի Տոլմաչովը, ով ղեկավարում է պատվիրակությունը և Ստավրապոլի մարզի էներգետիկայի, արդյունաբերության եւ կապի նախարարի տեղակալն է, նշեց, որ այցի փոխհամագործակցության նպատակներըը բազմաթիվ են, բայց նրա կարծիքով ներկայի գլխավոր խնդիրն այն է, որ կողմերը պատրաստվեն մաքսային միությանը միանալուն, որպեսզի հետո աշխատանքի անցնելու համար ժամանակ չկորչի: Այդ նպատակով իսկ կողմերը որոշ պայմանավորվածություններ ձեռք բերեցին՝ երկկողմ համագործակցության սաղմեր ստեղծելու համար: Հատկապես կարևորվեց տուրիզմի զարգացման, փոքր և միջին բիզնեսի արմատավորման խնդիրը, որն, իհարկե, կյանքի կկոչվի երկկողմ շահագրգռվածության պայմաններում :
Մարզպետարանում հանդիպումն ավարտվեց հուշանվերների փոխանակմամբ: Այնուհետև հյուրերն եղան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, այցելեցին Վանաձորի ռուսական եկեղեցի: Այդ ընթացքում հյուրերին ջերմորեն հանդիպեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով մինչ այդ աշխատանքային գործուղմամբ բացակայում էր մարզկենտրոնից:
Նոր, գործնական հանդիպումների կարևորության ընդգծմամբ Ստավրոպոլի պատվիրակությունը մեկնեց Վանաձորից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22