Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
25.11.2013
Նոյեմբերի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարն անդրադարձավ նոյեմբերի 24-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի ունեցած արտակարգ պատահարին, տեղեկացնելով,որ նշված օրը հրդեհ է բռնկվել Գուգարք գյուղում գտնվող փայտյա երկհարկանի կացարանների տարածքում: Աբողջությամբ այրվել է երկհարկանի փայտյա բնակելի շինություն՝ վեց ժամանակավոր կացարանով: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ծառայության չորս մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Բնակիչները ժամանակին տարհանվել են: Զոհեր և տուժածներ չկան, սակայն անօթևան է մնացել 22 բնակիչ:
Ա. Նալբանդյանը նշեց, որ զրուցել է Գուգարքի համայնքապետի, պատկան կառույցների պատասխանատուների հետ, ովքեր տեղեկացրել են, որ ներկայում ճշտվում են հրդեհի պատճառները և այլ հարկավոր մանրամասներ:
Մարզպետը հայտնեց, որ այդ կացարաններում մշտական բնակության գրանցում ունեցած, հրդեհից տուժած ընտանիքները կապահովվեն ժամանակավոր վարձու կացարաններով. ձմռան ամիսներին մարզպետարանը կաջակցի նրանց՝ վճարելով բնակարանների վարձը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը տեղկացրեց, որ Լոռու մարզային դրամահավաք-մարաթոնը անցել է պատշաճ կարգով: Նույն օրը, ըստ նախնական տվյալների, հանգանակվել է 10 մլն դրամ: Նախորդ տարի ընդհանուր առմամբ հանգանակվել է 12 մլն դրամ: Ա. Մանուկյանի վստահեցմամբ, վերջնական արդյունքերի ամփոփումից հետո այդ թիվն անհամամեմատ մեծ կլինի՝ գերազանցելով, թերևս անցած տարվա արդյունքը:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանն անդրադարձավ հարկերի հավաքագրման արդյունքներին: Նրա տեղեկացմամբ, նոյեմբերի 22-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրման ամսվա ցուցանիշը պլանի դիմաց կազմել է ընդամենը 51,5 տոկոս, գույքահարկինը՝ 57 տոկոս, հողի հարկինը՝ 45,3 տոկոս: Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բոլոր ցուցանիշներով մարզը պլանից ետ է մնացել 70 մլն դրամով: Ա. Նալբանդյանը հանձնարարեց մինչև ամսվա վերջը հետևողական աշխատանք տանել իրավիճակը շտկելու և հավաքագրման մակարադակը բարձրացնելու համար:
Խորհրդակցության ավարտին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ ամփոփվել են ամենամյա փորձագիտական մոնիտորիգի արդյունքները, ըստ որի Լոռու մարզպետարանի կայքէջը հանրապետության տասը մարզերի կայքէջերի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը, ընդ որում, տեղեկատվական մատչելիության գործակիցը 93.841 միավոր է, իսկ հանրապետության 50 պաշտոնական կայքէջերի վարկանիշային աղյուսակում Լոռու մարզի կայքէջը 4-րդ տեղն է զբաղեցրել: Մարզի ղեկավարը բարձր գնահատեց կատարված աշխատանքը՝ նշելով, որ ցուցանիշները վկայում են մարզպետարանի և նրան ենթակա կառույցների աշխատաոճի թափանցիկության մասին:
-Այսուհետ ևս ջանքեր պետք է գործադրվեն վարկանիշը պահպանելու համար,-ասաց մարզի ղեկավաը:
Քննարկվեցին նաև դեկտեմբերի սկզբին կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին և համաժողովի շրջանակում անցկացվելիք ցուցահանդեսին վերաբերող կազմակերպչական և այլ ըթացիկ հարցեր: