Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական բարեկամական այցը Բաթումի

22.11.2013

ՀՀ Լոռու մարզի և Վրաստանի հանրապետության Աջարիայի ինքնավար մարզի համագործակցության շրջանակներում  օրերս հերթական բարեկամական այցը կատարվեց Բաթումի: Լոռու մարզից Աջարիա մեկնած  30 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը: Պատվիրակության կազմում էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը, Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր երգչախումբը և այլոք:

Այցելության առիթը Աջարիայում հայկական համայնքի պետական գրանցման և Բաթումիում լույս տեսնող «Աղբյուր» թերթի  հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցելն էր: 

Պատվիրակության անդամները նախ եղել են Բաթումիի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, ներկա գտնվել Սուրբ պատարագի: Այստեղ հոգևոր երգերի կատարմամբ հանդես է եկել Վանաձորի Սուրբ. Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր երգչախումբը:

Պատվիրակությունը ներկա է գտնվել նաև Բաթումի քաղաքի նորակառույց օպերայի շենքում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը ՝ նվիրված հայկական համայնքի գրանցման և «Աղբյուր» պարբերաթերթի  հիմնադրման 20-ամյակին:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել Տ. Բադոյանը՝ կարևորելով հայ համայնքի և հայկական պարբերաթերթի մեծ դերակատարությունը Վրաստանում հայապահպանության, վիրահայության շրջանում հայկական մշակույթի և ավանդույթների ամրապնդման գործում:

Նա շնորհավորագիր է հանձնել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից:

Սպիտակ էկրանից հնչել են նաև Արթուր Նալբանդյանի, Աջարիայի մի քանի քաղաքների հետ քույր քաղաքներ հադիսացող Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու քաղաքապետերի շնորհավորական ուղերձները: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից հյուրընկալողներին շնորհավորանքի խոսքեր է հղել նաև Գ. Աղաբաբյանը:

Համատեղ համերգային ծրագրին մասնակցել են Վանաձորից մեկնած հոգևոր երգչախումբը, Աջարիայի հայկական համայնքի,  ինչպես նաև Բաթումիի  մշակութային խմբերն ու անհատ կատարողներ: Երկու մարզերի միջև համագործակցությունը կարևորել են նաև  Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արսեն  Գրիգորյանը և Աջարիայում հայկական համայնքի ղեկավար Գրիգոր Վարդանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27