Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան

21.11.2013

Նոյեմբերի 21-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր ՀՀ-ում  Ուկրաինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան: Նա Լոռու մարզպետ  Արթուր Նալբանդյանին հանդիպեց մարզի ղեկավարի աշխատասենյակում: Սա  դեսպանի առաջին պաշտոնական հանդիպումն էր Ա. Նալբանդյանի հետ: Ներկա էին նաև  Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Ի. Կուխտան, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, ասաց, որ այցելության առիթ է հանդիսացել նաև  Վանաձորում ուկրաինական համայնքի «Վերբիչենկա» համույթի 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումը:

Դեսպանը նշեց, որ երկու պետությունների միջև համագործակցությունը պատմական արմատներ ունի: Հատկապես վերջին տարիներին, ըստ նրա, սերտացել է տնտեսական համագործակցությունը: Նախորդ տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրիների միջև կազմել է 225 մլն դոլար, ինչը ևս վկայում  է տնտեսական լուրջ գործակցության մասին: Ի. Կուխտան հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին այդ համագործակցութունն էլ ավելի կխորանա, նոր հեռանկարներ կբացվեն:  Նրա վկայությամբ, երկու երկրների միջև բարեկամական սերտ կապեր հաստատելու հարցում մեծ դերակատարություն ունի նաև հայկական համայնքը Ուկրաինայում, որի անդամները  լուրջ դերակատարություն ունեն պետության զարգացման գործում և ներգրավված են  տարբեր ոլորտներում: Ի. Կուխտայի հավաստմամբ, այցի հիմնական նպատակը Լոռու մարզի հետ գործակցության ոլորտների ընդլայնման հեռանկարն է:

Լոռու մարզպետը, ողջունելով դեսպանին, նույնպես կարևորեց երկու պետությունների  միջև առկա բարեկամական կապերի սերտացման անհրաժեշտությունը, համագործակցության նոր ոլորտների ընդգրկումը: Նա համառոտ ներակայացրեց Լոռու մարզի արդյունաբերական պոտենցիալը՝ պատրաստակամություն հայտնելով սատարել յուրաքանչյուր ողջունելի նախաձեռնության: Մարզի ղեկավարը հատկապես կարևորեց ուկրաինացիների մեծ աջակցությունը ավերիչ երկրաշարժից հետո, Լոռու մարզում կատարած մեծածավալ շինարարական աշխատանքները:

Կողմերը նաև հուշանվերներ փոխանակեցին:

Պաշտոնական հանդիպումից հետո Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը և դեսպանը մասնակցեցին Վանաձորի «Լոռի»  ժամանցի կենտրոնում կազմակերպված «Վերբիչենկա»  համույթի համերգին՝ նվիրված հիմնադրման 15-ամյակին: Համերգին մասնակցում էր նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Գուլյանը: Նրանք իրենց շնորհավորանքի խոսքերը հղեցին համույթին: «Վերբիչենկայի» կոլեկտիվին շնորհավորագրեր հանձնվեցին Ա. Նալբանդայնի և Ս. Դարբինյանի կողմից:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09