Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված Հակոբ Ազիզյանի ծննդյան 75-ամյակին

21.11.2013

Նոյեմբերի 20-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ թատերականացված հանդիսություն՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի ծննդյան 75-ամյակին։ Բեմադրությունը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանինն էր։ Աբելյանցիների մասնակցությամբ ներկայացվեցին դրվագներ այն ներկայացումներից, որոնցում դերեր է կերպավորել Հ. Ազիզյանը։
Բեմ հրավիրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով շնորհավորանքի և բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց հոբելյարին։ Մարզեպը շնորհավորեց նաև միջոցամանը ներկա Հակոբ Ղազաչյանին՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց.
-Ձեր հոբելյանը սոսկ տարեդարձ չէ, այլ հազարավոր թատերասերների համար առիթ, որ երախտագիտություն հայտնեն Ձեզ՝ Ձեր կերտած հարյուրից ավելի բարձրարվեստ կերպարների համար:
Հայ և համաշխարհային դասականների, ժամանակակից հեղինակների ստեղծագործությունների հանրահայտ կերպարները հատկապես Ձեր շնորհաշատ խաղի շնորհիվ են ներկայացել մեր սերունդներին:
Առիթն է ասելու նաև, որ Ձեր համառ ջանքերի շնորհիվ է, որ այսօր Վանաձորում գործում է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի մասնաճյուղը, որի շրջանավարտներն արդեն համալրում են մեր արվեստագետների շարքերը:
Այս հոբելյանը մենք նշում ենք Հայաստանի թատերական կյանքում տեղի ունեցած արժանահիշատակ իրադարձությունից հետո. երկու օր առաջ տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարը, որտեղ կրկին վերընտրվեց պարոն Հակոբ Ղազանչյանը,- ասաց նա:
Ա. Նալբանդյանը Հ. Ազիզյանին հանձնեց շնորհակալագիր և Լոռու մարզպետի «Ոսկե մեդալը»։
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, շնորհավորելով Հ. Ազիզյանին մշակույթի նախարարի և իր անունից, հայկական կինոյում և թատրոնում ունեցած նշանակալի ավանդի համար հանձնեց մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ»։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազաչյանը նույնպես ջերմ խոսքեր հղեց Հ. Ազիզյանին, նրան նվիրելով արժեքավոր գրքեր իր հոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մակագրությամբ: Նա շնորհակալություն հայտնեց նաև Լոռու մարզպետին՝ թատրոնին մշտապես աջակցելու համար։
Հոբելյարին շնորհավորագիր և դրամական պարգև հանձնեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ողջունեցին և նվերներ հանձնեցին նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, նախկին աբելյանցի, այժմ Թբիլիսիի թատրոնի դերասան Ժիրայր Կարապետյանը, Վահե Շահվերդյանը, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը, «Հորովել» երգի-պարի համույթի գլխավոր պարուսույց Արայիկ Գևորգյանը, Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Փիլոյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Մութաֆյանը, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը, ՀՀ ժողովրդական արտիստ Աննա Հեքեքյանը, Երևանի Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը և այլոք:
Բեմի սպիտակ էկրանին ցուցադրվեց Հ. Ազիզյանի 65-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյից մի հատված, որում ներկայացված էր ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սոս Սարգսյանի խոսքը։
Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես եկան Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը, «Հորովելի» երգի-պարի պետական համույթը: Միջոցառման ավարտին Հ. Ազիզյանը երախտագիտություն հայտնեց ներկաներին, գործընկերներին և հանդիսատեսին՝ մշտապես իրեն ոգևորելու և իր արվեստը գնահատելու համար։ Հանդիսատեսը չդադարող ծափողջույններով ողջունեց սիրված դերասանին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59