Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմեն Աշոտյան. «Ձեզ հետ, թե առանց ձեր մասնակցության Վանաձորում համալսարան ստեղծվելու է »
20.11.2013
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրան ուղեկցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչութայն պետ Մինաս Սայադյանը: ԿԳ նախարարի աշխատանքային այցի գրաֆիկը թեև հագեցած էր, սակայն բուն նպատակը, ինչպես օրեր առաջ նա ասել էր լրատվամիջոցների հետ զրույցում, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորման ու նոր՝ Վանաձորի պետական համալսարան հիմնելու հարցն էր:
Նախարարը նախ եղավ Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոցում: Հանրահայտ են այս ուսումնական հաստատությունում սովորող աշակերտների լուրջ հաջողությունները միջազգային օլիմպիադաներում: Այսուհանդերձ, կրթօջախը չունի համապատասխան շենքային պայմաններ, տարածքը բավականին փոքր է ու անհարմարավետ, լաբորատորիաների պակաս ու տեխնիկական հագեցվածության խնդիր կա: Դպրոցը նաև մարզադահլիճ չունի: Այս և նմանատիպ այլ խնդիրների ծանոթացավ նախարարը՝ զրուցելով աշակերտների և ուսուցիչների հետ: Վերջիններս նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին աշխատավարձերի ցածր լինելու կապակցությամբ:
Դպրոցի շենքային պայմանների բարելավման խնդրի վերաբերյալ Ա. Աշոտյանն ասաց, որ այն գտնվում է ԿԳ նախարարության ուշադրության կենտրոնում, իրենք ևս մտահոգ են այդ հարցով և առաջիկայում ամեն ինչ անելու են հարցին լուծում տալու համար՝ լինի դա պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավվածությամբ: Իսկ աշխատավարձերի հետ կապված հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ 2014թ. հուլիսից աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում:
ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Վանաձորի պետական բժշկական քոլեջ էր: Այստեղ ևս Ա. Աշոտյանը ծանոթացավ շենքային պայմաններին, առկա խնդիրներին: Տնօրեն Ջուլիետա Ջոկլինյանը նշեց, որ շենքային պայմանները բավարար են, ուսանողների պակաս ևս չեն ունենում: Ներկա դրությամբ քոլեջը շուրջ 700 ուսանող ունի: Հատկանշական է, որ քոլեջում ուսանում են նաև բարձրագույն կրթությամբ ուսանողներ, ինչն, ըստ նախարարի, ևս մեկ անգամ վկայում է, որ միջին մասնագիտական կրթությունը նույնպես պահանջված է մեր երկրում:
ԿԳ նախարարին անհամբերությամբ էին սպասում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղում՝ վերջին տասնօրյակում Վանաձորում ամենախնդրահարույց և ամենաքննարկվող հարցի վերաբերյալ հանրապետության կրթության և գիտության ոլորտի առաջին պատասխանատուից պարզաբանումներ ստանալու նպատակով: Ողջունելով ներկաներին՝ նախարարն իր խոսքում մասնավորապես նշեց.
-Այսօր այստեղ գտնվելուս բուն պատճառը կառավարության առաջարկությունն է Լոռու մարզում ստեղծել Վանաձորի պետական համալսարան և միավորել Վանաձորի երկու բուհերը մեկ ուսումնական հաստատության հարկի ներքո: Ընդունելով ձեր մտահոգությունը՝ կառավարությունը որոշեց հետաձգել որոշման ընդունումը մինչև լրացուցիչ քննարկումների կազմակերպումը: Այս որոշումն ակնթարթային չի եղել: Այն վաղուց է հասունացել և քննարկվել է մի քանի անգամ, նաև ձեր տնօրենի հետ: Պետք է նշեմ, որ քննարկումների արդյունքում մենք ընդհանուր հայտարարի չենք եկել:
Այն անհանգստությունները, որոնք կապված են դասախոսների ապագայի հետ, մարդկային տեսակետից լիովին հիմնավորված են, սակայն պետք է վստահեցնեմ, որ դրանք անհիմն է: Կլինի վարչական կազմի, տնտեսական, տեխնիկական, սպասարկման կազմի խոշորացում, բայց ոչ երբեք՝ պրոֆեսորադասախոսական: Երրորդ մտահոգությունը ուսանողների անհանգստությունն է՝ կապված իրենց ապագայի հետ: Անկախ մեր կողմից ընդունված որոշումների, երբևէ, որևէ ուսանող չի զրկվել կրթությունը շարունակելու իր հնարավորությունից, չի տուժել, որևէ ուսանող չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից: Այսուհետ ևս այդպես է լինելու: Շատ ու շատ դեպքերում ուսանողներն անգամ շահել են մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում:
Ես այսօր այստեղ եմ, որպեսզի լսեմ ձեր դատողությունները, առաջարկությունները, մտահոգությունները՝ ձեզ հետ մեկ ընդհանուր հայտարարի գալու համար: Նախարարության որդեգրած քաղաքականությունը վերջին չորսուկես տարիների ընթացքում եղել է երկխոսություն, հանրային բաց քննարկումներ, լավագույն որոշումների կայացման քաղաքականություն, որտեղ պետք է կոշտ քաղաքականություն վարել, արվում է, սակայն դրանց նախորդում են լայն քննարկումները և վերջիններիս արդյունքները կարող են ազդել այդ որոշումների վրա,- ասաց նա:
Նախարարը գիտակրթական ու փաստարկված, տնտեսական հիմնավորումներ պահանջեց բուհի կոլեկտիվից:
Թե՛ բուհի ուսանողները, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմը միահամուռ դեմ արտահայտվեցին բուհերի միավորմանը, առավելապես՝ ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի լուծարմանը և Վանաձորի պետական մանակավարժական ինստիտուտի բազայի հիման վրա նոր բուհի, այն է՝ Վանաձորի պետական համալսարանի ձևավորմանը՝ պատճառաբանելով, որ այդ կերպ կտուժեն կամ տարեցտարի ետին պլան կմղվեն տեխնիկական, ինժեներական մասնագիտությունները, ինչը կվնասի երկրի արդյունաբերության զարգացմանը: Բացի այդ, բուհի դիպլոմը ներկայումս ունի նաև միջազգային ճանաչում, մինչդեռ միավորման դեպքում առկախ է նաև այդ հարցը:
Պոլիտեխնիկցիներին մտահոգում էր նաև բուհի նյութատեխնիկական բազայի և մասնաշենքերի պահպանման հարցը: Նախարարն անկեղծ զրույց ունեցավ նրանց հետ:
-Որևէ մեկը մտադրություն չունի համալսարան ստեղծելու պարագայում վերացնելու ինժեներական, տեխնիկական մասնագիտությունները: Այլ հարց է, որ այդ կրթությունը որակյալ լինի, առավել բարենպաստ գիտակրթական միջավայր ստեղծվի նրանց համար, համալրվի նյութատեխնիկական բազան: Բուհերի միավորման դեպքում պետության կողմից առավել հեշտ կլինի արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնել: Համալսարանի ձևավորման դեպքում մենք թույլ չենք տալու, որ տեխնիկական մասնագիտությունները ստվերվեն: Խնդրի լուծումն այն է, որ մշակվի տեխնիկական կրթության հայեցակարգ, որը կհաստատվի կառավարության կողմից, որտեղ հստակ կնշվի այն բուհերի ցանկը, որոնք կպարտավորվեն, անկախ իրենց ակադեմիական ազատություններից, ինքնավարությունից, հետևել, որպեսզի տեխնիկական ու տեխնոլոգիական մասնագիտություններով կրթությունը շարունակվի: Պետությունն էլ իր հերթին պարտավորություն կարող է վերցնել նյութատեխնիկական, բազային ներդրումներ կատարել այդ մասնագիտությունները զարգացնելու համար և ավելացնել պետական պատվերն այդ մասնագիտությունների գծով - ասաց Ա. Աշոտյանը:
Չնայած ներկայացվող փաստարկներին և հաջորդող հակափաստարկներին, բուհի կոլեկտիվը միանշանակ շարունակեց մնալ այն համոզման, որ բուհերի միավորումն անթույլատրելի է:
-Ձեզ հետ, թե առանց ձեր մասնակցության, մեկ ամիս, թե երկու տարի անց, Վանաձորում համալսարան ստեղծվելու է,- եզրափակեց նախարարը:
Հաջորդ հանդիպումը ՎՊՄԻ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ էր: Այստեղ բուհի կոլեկտիվին հուզում էր հնարավոր միավորման դեպքում ուսումնական նոր ծրագրերի, նյութատեխնիկական բազայի համալրման, մինչ միավորումը կատարվելիք հավատարմագրման գործընթացին առնչվող հարցեր, իսկ ուսանողներին՝ մասնաշենքերի պահպանման խնդիրը:
Նախարարը, վերջին հարցին անդրադառնալով, ևս մեկ անգամ վստահեցրեց, որ երկու բուհերի մասնաշենքերի օտարման մասին շրջանառվող լուրերը ապատեղեկատվություն են, հերյուրանք և նախարարությունը երբևէ նման մտադրություն չի ունեցել:
Նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: