Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի և Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի համագործակցությունը շարունակվում է
12.11.2013
Oրերս Ալավերդու քաղաքապետարանում երկօրյա դասընթաց անցկացվեց Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Ախթալա և Թումանյան քաղաքների, Արդվի, Օձուն, Հաղպատ, Դսեղ գյուղական համայնքների ղեկավարների և զբսաշրջային ոլորտի մասնագետների համար: Վերջիններս ընդգրկված են միջհամայնքային զբոսաշրջային միավորման մեջ: Մասնակցում էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Դասընթացը վարում էին Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի «Օտ Տեղ դը պղովանս» տուրիստական գրասենյակի նախագահ Ժան Մարի Կոլոմբոն և գրասենյակի տնօրեն Դանիել Գերասիմենկոն: Քննարկվեցին տարածաշրջանում և առհասարակ մարզում տուրիզմի զարգացմանն ու խթանմանը միտված մի շարք հարցեր: Տեսաֆիլմերի և դասախոսությունների միջոցով ներկայացվեց միջազգային և հատակապես եվրոպական առաջավոր երկրների փորձը: Կարևորվեցին մի շարք տեղական առանձնահատկություններ՝ մասնավորապես պատմամշակութային և հոգևոր արժեքները, ավանդույթները, բնությունը և այլն:
Ավելի քան 16 տարվա պատմություն ունի Լոռու մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոդ Դ՛ Ազյուր ռեգիոնի միջև համագործակցությունը: 2008 թ-ին 2 մարզերի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Շրջանակային պայմանագրի հիմնական դրույթներից է նաև այն, որ երկու տարին մեկ մարզերի ղեկավարները ստորագրելու են համագործակցության համաձայնագրեր: Նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու մարզպետը և Պրովանս Ալպ Դ՛Ազյուր ռեգիոնի ղեկավարը ստորոգրել են 2012-2014 թվականների համագործակցության պայմանագիր, որտեղ թիրախային ուղղություններ են ընտրված զբոսաշրջության, անասնապահության ու հատկապես ոչխարաբուծության զարգացումը Լոռու մարզում: Մարզում տուրիզի զարգացման համար առանձնացվել է Թումանյանի տարածաշրջանը, ուր և կգործի Զբոսաշրջության կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Քրիստինե Երիցյանը մեկամսյա վերապատրաստման դասընթացի կմասնակցի Ֆրանսիայում: Իսկ հաջորդ տարվա գարնանը Ֆրանսիայից ժամանած փորձագետը մասնագիտական դասընթաց կվարի զբոսավարների համար: Դասընթացի ընթացքում ուրվագծվեցին նաև զբոսաշրջային կենտրոնի առաջիկա ծրագրերը:
Նշվեց, որ Լոռու մարզում ու հատկապես Թումանյանի տարածաշրջանում տարեցտարի ավելանում է զբոսաշրջիկների հոսքը, զարգանում են ենթակառուցվածքները, կառուցվում են նոր հյուրանոցներ ու հյուրատներ: Մարզի տնտեսության զարգացումը կապվում է նաև տուրիզմի զարգացման հետ:
Երկու մարզերի համագործակցության հաջորդ թիրախային ծրագիրը` անասնապահության զարգացումը, իրականացվում է Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքում: Այս ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում: