Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված սոցիալական աշխատողի օրվան

11.11.2013

«Սոցիալական աշխատողի» օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ  հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել  Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, սոցիալական ոլորտում գործունեություն ծավալող պետական կառույցների, հկ-ների ներկայացուցիչներ, մանակավարժներ:

Ներկաներին ողջունեց Արթուր Նալբանդյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.

-Քաղաքակրթություն ունեցող և մշակույթ  դավանող յուրաքանչյուր հասարակություն  և պետություն  իր  կարևորագույն  խնդիրն է  համարում ծավալելու անհատի  հասարակական վիճակի  բարելավման, նրա  առջև ծառացած սոցիալական  հիմնախնդիրների լուծմանն աջակցող գործունեություն՝ նպատակ  ունենալով կատարելագործելու հասարակական  կյանքի հոգևոր  և  նյութական արժեքները: Հպարտանում ենք, որ  անհատի, ընտանիքի  նկատմամբ հոգատարությունն ու  մարդասիրական գործառույթները հայ  ժողովրդի  համար պատմական  արժեքներ  են: Սակայն,  այդ  հպարտությունը սոսկ  արձանագրային արժեքի  կվերածվի, եթե  այդ  գործառույթները շարունակական չլինեն և,  ըստ  ամենայնի, հաշվի  չառնվեն բոլոր այն  պայմաններն  ու  մարտահրավերները, որոնք կան մեզանում, որոնց հիմնախնդիրների լուծմանն են կոչված սոցիալական  ծառայությունները:

Չցանկանալով խոսքը ծանրաբեռնել թվերով՝ մարզի ղեկավարը նշեց, որ Լոռու  մարզի սոցիալ-տնտեսական  զարգացման 2010-2013 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումները  կյանքի են կոչվում    հաջողությամբ:

Շնորհավորելով սոցիալական ծառայությունների աշխատողների մասնագիտական տոնը՝ մարզի ղեկավարը բոլորին մաղթեց քաջառողջություն, ընտանիքներին՝ բարեկեցություն և  հաջողություններ աշխատանքում:

Բնագավառի վերաբերյալ հանգամանալից ցեկուցմամբ հանդես  եկավ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ Վալերի Ջաղինյանը: Նա մասնավորապես նշեց, որ  անցյալ տարի տեղեկատվական շտեմարանների թարմացման արդյունքում փաստագրվել է նպաստի իրավունք ունեցող 15.508 ընտանիք, նրանց թվում նոր նպաստառու  են դարձել 4827-ը: Այդ ընտանիքներին վճարվել է ավելի քան 5,5 միլիարդ դրամ ընտանեկան նպաստ, 3000-ից ավելի նորածինների համար շուրջ 154 միլիոն, 931 երեխայի խնամքի համար՝ շուրջ 253 միլիոն, նպաստառու ընտանիքի առաջին դասարան հաճախող 1295 երեխայի համար՝ միանվագ ավելի քան 32 միլիոն դրամ և այլն: Նա առանձնապես բարձր  գնահատեց  Լոռու մարզի սոցիալական ծառայությունների մասնագետների աշխատանքը, ովքեր իրենց հմտությամբ, գիտելիքներով և մարդասեր հոգատարությամբ իրականացնում  են այն բոլոր խնդիրները, որոնք առաջադրվում են կառավարության կողմից՝ ի նպաստ մեր հասարակության մեջ ապրող կարիքավոր մարդկանց և խմբերի:

Սոցիալական ոլորտում  իրականացված ծրագրերին և համակարգում առկա խնդիրներին անդրադարձավ նաև Թումանյանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ Արմեն Գևորգյանը: Նարեկ Սարգսյանը  ներկայացրեց ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությունը:

  Հանրակրթության ոլորտում սոցիալական աշխատողների, սոցիալական մանկավարժների դերի ու կարևորության մասին խոսեցին Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը, Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության տնօրեն Հասմիկ Ներկարարյանը՝ մշտական աջակցության և հոգածության համար շնորհակալություն հայտնելով մարզային իշխանություններին՝ ի դեմս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի:

Ապա ոլորտի մի շարք աշխատողներ պարգևատրվեցին Լոռու մարզպետի շնորհակալագրերով:

Հանդիսության ընթացքում իրենց գեղարվեստական կատարումներով միջոցառման մասնակիցներին զվարճացրին «Օրրան» Գրիգորյան կենտրոնի և «Հայկական Կարիտաս» բհկ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27