Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարձրաձայնվեցին հաշմանդամներին ուղղված մի շարք խնդիրներ

08.11.2013

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստն անցկացվեց Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական բաժնի պետ Վալերի Ջաղինյանը համառոտ  ներկայացրեց  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի  նիստում քննարկված հարցերը:  Նա տեղեկացրեց նաև, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն նախատեսում է  Ճապոնիայի կառավարության Սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամակարդակի բարելավում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում թեքահարթակներ կառուցել: Լոռու մարզպետի կողմից առաջարկվել է թեքահարթակներ կառուցել Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի, Սպիտակի քաղաքապետարանի և Ալավերդու մշակույթի կենտրոնի մուտքերի մոտ:

«Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության  խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում իրականացվող  «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարիքներ և խոչընդոտներ» հետազոտության արդյունքները ներկայացրեց  LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:

Նա  նշեց, որ հետազոտություն է անցկացվել  հաշմանդամների,  գործատուների և միջնորդ հանդիսացող կառույցներ շրջանում, ինչի արդյունքում վեր են հանվել մի շարք կարևոր խնդիրներ: Առաջնային է համարվել  զբաղվածության խնդիրը, քանի որ  հաշմանդամները սոցիալապես ամենաանապահով խավերից են: Այսուամենայնիվ, նրանք ցանկություն են հայտնել սեփական ուժերով, այն է՝ սեփական աշխատանքով լուծել  սոցիալական խնդիրը` լրացուցիչ մասնագիտական կրթություն ստանալով: Առկա է նաև շրջակա միջավայրի հարմարության խնդիր, քանի որ հաշմանդամները ոչ միայն հենաշարժողական, այլև  տարաբնույթ այլ խնդիրներ  ունեցող անձինք են:

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանն ուղղված ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության գործունեությունը  ներկայացրեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավարման փորձագետ Տաճատ Ստեփանյանը: Վերջինս նշեց, որ իրականացվող ծրագրի նպատակը  հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելն է: Այս առումով բանակցություններ են տարվում Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների  հետ  նրանց զբաղվածությանն ուղղված  համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Առայժմ քաղաքապետերը դրականորեն են արձագանքել ծրագրային առաջարկին: Արթուր Նալբանդյանը վստահեցրեց, որ մարզպետարանը ևս պատրաստ է աջակցելու այդ նախաձեռնության իրականացմանը:

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հաշմանդամներին ուղղված տարաբնույթ ծրագրեր իրականացնող կազմակերպությունները ներկայացրին այս տարվա տասը ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները:

 Նշված ժամանակահատվածում Լոռու մարզում միջավայրի մատչելիությանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրված գույքի և վերականգնողական պարագաների վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության սոցիալական բաժնի առաջատար մասնագետ Գայանե Բոջուկյանը: Նա տեղեկացրեց, որ մարզի 36 առողջապահական ընկերություներից 23-ում կառուցված են թեքահարթակներ, 8-ը համարվում են մատչելի, 2-ի կառուցումն ընթացքի մեջ է: Մարզում գործող 163 կրթական հաստատություններից միայն 88-ում են առկա թեքահարթակներ, ընդ որում դրանցից 12-ը կառուցվել են այս տարի, 33-ը մատչելի են, մյուսներում դեռևս թեքահարթակների խնդիրը լուծված չէ: Մարզի 113 համայնքների վարչական շենքերից 29-ի մուտքի մոտ թեքահարթակներ կառուցված են,  իսկ 30-ը մատչելի են հաշմանդամների համար:

         Վերոնշյալ օրակարգային հարցերի սպառմամբ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստն ավարտեց իր աշխատանքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53