Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՓՄՁ-ների գործունեությունը Հայաստանում և Վանաձորում

01.11.2013

Նոյեմբերի 1-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում «Ամերիա» ՓԲԸ-ի խորհրդատվական բաժինը ներկայացրեց հերթական հետազոտությունը՝ նվիրված Հայաստանում, մասնավորապես` Վանաձորում փոքր և միջին ձեռնարկատիրության և բանկի վարկավորման նոր պայմաններին։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, «Ամերիա» բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանը, փոքր և միջին ձեռնարկատերեր, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկավ «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Նա ասաց, որ հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների գործունեությունը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, կանխատեսել զարգացման միտումները։ Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ոլորտի կարգավորումը Հայաստանում:
Հետազոտությունների արդյունքները ներկայացրեց ընկերության հետազոտությունների գծով ավագ մասնագետ Արտաշես Շաբոյանը։ Նա տեղեկացրեց, որ «Ամերիան» հետազոտության համար դիտարկել է ընդհանուր թվով 1003 ՓՄՁ, որից 655-ը՝ Երևան քաղաքից, 144-ը՝ Գյումրիից, 152-ը՝ Վանաձորից, 52-ը՝ Դիլիջանից։ Հետազոտություններից պարզվել է, որ դիտարկված ձեռնարկությունների 74,7 տոկոսը գերփոքր են, 20,2 տոկոսը՝ փոքր, 5,1 տոկոսը՝ միջին չափի: Իսկ Վանաձորում ձեռնարկությունների 79,7 տոկոսը գերփոքր են, 18,8 տոկոսը՝ փոքր և միայն 1,5 տոկոսը՝ միջին։ Վանաձորի ՓՄՁ-ները մյուս քաղաքների ՓՄՁ-ների համեմատությամբ եղել են ամենապասսիվը հիմնական միջոցներում և նորարարություններում ներդրումների կատարման առումով։ Վանաձորում վերջին երկու տարվա ընթացքում ՓՄՁ-ների միայն 22 տոկոսն է օգտվել մասնագիտացված ծառայություններից, առավել պահանջված են եղել հաշվապահական ծառայությունները։ «Ամերիայի» փորձագետները բացահայտել են, որ 2013-ի առաջին եռամսյակում Վանաձորի ՓՄՁ-ների անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ առավել զգալի է եղել մյուս քաղաքների համեմատությամբ, ընդ որում, գերփոքր ձեռնարկությունների համար անկումը համեմատաբար ավելի զգալի է եղել, քան փոքրի և միջինի համար։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ ՓՄՁ-ներին մոտակա 1-3 տարիներին անկում է սպասվում, ընդ որում, Վանաձորում, մյուս քաղաքների համեմատ, անկումն առավել զգալի կլինի։ Ա. Շաբոյանն կարծիք հայտնեց, որ դա կապվում է Վանաձորից արտագաղթի մեծ ծավալների հետ։ Բանկերի հետ ՓՄՁ-ների գործունեությունն ուսումնասիրելիս պարզվել է, որ ՓՄՁ-ների համար առավել պահանջված են բանկային պրոդուկտները, իսկ բանկ ընտրելու համար ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որից հետո՝ սակագները։
Ներկաներին ողջունեց և հետազոտությունների անցկացման համար «Ամերիա» բանկի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց Տ. Բադոյանը։
Փոխմարզպետը հույս հայտնեց, որ Լոռու մարզի փոքր և միջին ձեռնարկատերերը կհետաքրքրվեն «Ամերիա» բանկի առաջարկներով՝ գերադասելով նախընտրելի տարբերակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53