Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված գուսան Զաքարյանի ծննդյան 90-ամյակին

28.10.2013

Հոկտեմբերի 26-ին «Լոռու ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել Վահագնիի Անտոն Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում՝ նվիրված գուսան Սարգիս Զաքարյանի 90-ամյակին։
Օրվա խորհուրդը ներկայացրեց «Լոռու ձոր» միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Նա նշեց, որ մեկնարկում են Գուսան Զաքարյանի հոբելյանին նվիրված հանդիսությունները: Միջոցառումների շարքը կեզրափակվի գուսանի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 27-ին։
Ս. Երիցյանը տեղեկացրեց,որ իր նախաձեռնությամբ և ջանքերով տպագրվել է գիրք՝ նվիրված գուսանի կյանքին և գործունեությանը, որի տեսական մասի հեղինակը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելս Սանթոյանն է։ Գրքում ներկայացվել են գուսանի վերջին տարիներին բանահավաքված ու նոտաներով վերականգնված 30 երգ, նրա ժամանակակիցների՝ մտավորականների, ընկերների շուրջ 40 հուշագրություն։ Առանձին գրքույկով հրատարակվել է նաև գուսանի երգարանը, որը կնպաստի նրա երգերի տարածմանը։
Տեղեկացվեց, որ գրքերի շնորհանդեսը տեղի կունենա Վանաձորում և Երևանում։ Ս. Երիցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, կառավարությանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, Վահագնիի գյուղապետ Պետրոս Քոչինյանին՝ Լոռվա մեծերից երկուսի՝ Ա. Քոչինյանի և Գուսան Զաքարյանի հոբելյանները նշելուն աջակցելու համար։ Գուսան Զաքարյանի արվեստի վերաբերյալ խոսք ասացին և նրա մարդկային հատկանիշները բնութագրող հուշեր պատմեցին Վանաձորի պատվավոր քաղաքացիներ, ՀԿԿ Կիրովականի երկարամյա առաջին քարտուղար Հայկ Օհանյանը և Լոռու մարզի աշխատանքի և պատերազմի վետերանների խորհրդի նախագահ Արտեմ Մանուչարյանը, անվանի բանաստեղծ, մանկագիր, ծնունդով վահագնեցի Լիպարիտ Սարգսյանը, գուսանի ժամանակակից Սեյրան Ղազարյանը, համայնքապետ Պետրոս Քոչինյանը, ուրիշներ։ Ս. Երիցյանը ներկայացրեց Ա. Քոչինյանի և գուսան Զաքարյանի կիսանդրիների հեղինակ Սարգիս Ղարիբյանին, ով իր խոսքում երախտագիտություն հայտնեց հոբելյանական միջոցառումների կազմակերպիչներին և ասաց, որ պատրաստակամ է կերտել Լոռվա բոլոր մեծերի քանդակները և հավերժացնել նրանց հիշատակը։ Հավարտ՝ դպրոցի բակում բացվեց գուսանի կիսանդրին։ Բացման պատիվն ընձեռվեց Պ. Քոչինյանին և Ս. Երիցյանին։
Գուսան Զաքարյանի երգերի կատարումներով հանդես եկան «Հորովելի» մեներգիչներ Ստեփան Դալլաքյանը և Սուսաննա Ջաղինյանը, ժողովրդական մեղեդիների կատարմամբ՝ պատանի դուդուկահար Վահան Սոֆյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00