Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր

28.10.2013

Հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը և Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը, Արկադի Համբարձումյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը և Վանիկ Ասատրյանը, մարզպետարանի վարչությունների պետեր, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:
Առաջին կանգառը Սանահին համայնքում էր: Գյուղում առաջին անգամ ջրամատակարարման համակարգ է կառուցվել պետական բյուջեից տրամադրված գումարներով, աշխատանքի ծավալը կազմել է շուրջ 25 մլն դրամ: Ջրի խնդիրը մշտապես եղել է, նախկինում գյուղացիները օգտվել են աղբյուրների ջրերից: Նոր համակարգի ներդրման արդյունքում գյուղում շուրջօրյա ջրամատակարարում կլինի: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հյուրընկալվելով Երիցյանների ընտանիքում, շնորհավորեց նրանց ջրամատակարարման խնդրի լուծման կապակցությամբ:
ԱԺ նախագահն այցելեց նաև Սանահինի վանական համալիր: 10-րդ դարի այս կառույցում վերականգնողական աշխատանքները սկսվել են դեռևս անցած տարվանից: Նշենք, որ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշում էր կայացվել գումարներ հատկացնել Սանահինի եկեղեցական համալիրի վերականգնման համար: Աշխատանքների առաջին փուլն ավարտվել է. վերանորոգվել է վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Շինարարական աշխատանքների համար ամեն տարի լրացուցիչ գումարներ են հատկացվում: Հովիկ Աբրահամյանը շրջայց կատարեց վանքում, ականատես եղավ կատարված աշխատանքին: Նա կարծիք հայտնեց, որ շինարարական աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր նախագիծ ներկայացվի, ոչ թե խնդիրներին փուլային լուծումներ տրվեն: Նա խոստացավ այս հարցը քննարկել մշակույթի նախարարի հետ: ԱԺ նախագահն առաջարկեց ջրահեռացման համակարգեր տեղադրել, որպեսզի անձրևաջրերի և ձնհալի պատճառով շինության պատերն ու հիմքը չվտանգվեն:
Սանահին վանքում իրականացված աշխատանքներին ծանոթանալուց հետո խորհրդարանի ղեկավարն այցելեց նաև Միկոյան եղբայրների թանգարան: Նա ծաղիկներ դրեց Անաստաս և Անուշավան Միկոյանների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, ծանոթացավ թանգարանի ցուցանմուշներին:
Նույն օրը ԱԺ նախագահը, ուղեկցող անձինք այցելեցին Հաղպատի վանական համալիր, որում ԱԺ նախագահի աջակցությամբ համալիրի Սուրբ Նշան եկեղեցում տեղադրվել է մեծադիր ջահ:
Այնուհետև ԱԺ նախագահը մասնակցեց Հաղպատ համայնքի հիմնանորոգված մշակույթի տան բացման արարողությանը, շրջեց կենտրոնի տարածքում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին, տվեց որոշ հանձնարարականներ: Նշենք, որ ԱԺ նախագահը նույնպես օժանդակել է Հաղպատ համայնքի մշակույթի տան վերանորոգվել և այժմ համայնքն ունի բարեկարգ մշակութային կենտրոն: Մշակութային կենտրոնի հիմնանորոգման համար «Մարզերի համաչափ զարգացման ծրագրի» շրջանակներում պետական բյուջեից հատկացվել է 60 մլն դրամ գումար:
Անցած տարի Հաղպատ կատարած այցի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր նաև գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին, ովքեր խնդրել էին խորհրդարանի ղեկավարին հնարավորության դեպքում աջակցելու դպրոցի վերանորոգմանը: ԱԺ նախագահի աջակցության արդյունքում Հաղպատի միջնակարգ դպրոցը ներկայումս վերանորոգվում է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թ.-ի ապրիլին: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար:
Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի վերջին կանգառը Վանաձորն էր: Խորհրդարանի ղեկավարը թիվ 22 հիմանական դպրոցում ներկա եղավ «2013 ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի» արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությանը: Մրցապայքարին մասնակցել էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից՝ ընդհանուր թվով 144 պատանիներ և աղջիկներ, յուրաքանչյուր թիմում ՝ 12 մարզիկ: Պայքարն ընթացել էր մի քանի մարզաձևում՝ վազք, գնդակի նետում և թռիչք-բարձրություն: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Սյունիքը, երկրորդը՝ Կոտայքը, իսկ երրորդ տեղին արժանացավ Գեղարքունիքի մարզի թիմը: Օրենսդրի ղեկավարը առաջին տեղը զբաղեցրած թիմին անձամբ հանձնեց ԱԺ գավաթն ու մեդալները: ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը գավաթով ու մեդալներ հանձնեց Կոտայքի թիմին: Իսկ 3-րդ տեղը գրաված Գեղարքունիքի թիմին, գավաթ ու մեդալներ հանձնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շնորհավորելով հաղթողներին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ նման միջոցառումների անցկացումը կլինի շարունակական, քանի որ դրանք ապագայում հայաստանյան մարզական կյանքի հաջողություններում ամպայման կունենան իրենց դերակատարումը:
Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով աշխատանքային այցը Լոռու մարզ, լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկայում, ինչպես և խոստացել է, անհրաշեժտ գույքով ու տեխնիկայով կապահովվի Հաղպատի մշակույթի տունն ու վերակառուցվող դպրոցը:
- Կարևորում եմ իշխանությունների, պատգամավորների այցերը մարզեր, համայքներ: Հնարավորություն է ստեղծվում, առկա խնդիրներին ծանոթանալ տեղում, հարկ եղած դեպքում օգտակար լինել հիմնախնդիրների լուծմանը,- ասաց Հ. Աբրահամյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59