Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ազգային փոքրամասնությունների խնդիրներին նվիրված սեմինար

26.10.2013

Հոկտեմբերի 25-ին Վանաձորի «Լոռի՚» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Այն կազմակերպել էր Հայաստանում ռուս հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամը, որի նախագահ Իվան Սեմյոնով բացման խոսքում ասաց, որ նման սեմինար Լոռու մարզում կազմակերպվել էր երկու տարի առաջ, և այդ օրվա սեմինարը նպատակ ունի ամփոփելու անցած երկու տարվա կատարվածը, պարզելու, թե այդ ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել, և դրանց լուծման ինչ ուղիներ են նախանշվել։
Լոռու մարզում ազգային փոքրամասնություններ են ռուսները, ուկրաինացիները, հույները, իսկ, ընդհանրապես, Հայաստանում մեծ թիվ են կազմում եզդիները։ Ի. Սեմյոնովը նշեց, որ ռուսական համայնքները դեռևս ունեն բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Ըստ նրա՝ կրթական, մշակութային, լեզվական խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակողմանի մոտեցում փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Օրինակ՝ ռուսական անձնանունները անձնագրերում գրվում են ոչ ավանդաբար ընդունված արտահայտությամբ։
Անդրադարձ եղավ նաև ռուսական դպրոցների և հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասաժամերի խնդիրներին։
Ի. Սեմյոնովն անդրադարձավ նաև «ՀՀ լեզվի մասին» օրենքին՝ նշելով, որ, իր կարծիքով, պետք է փոփոխություններ կատարվեն օրենքում՝ հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների շահերը։
Խոսք ասաց ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչության պետ Վարդան Ասցատրյանը։ Նա անդրադարձավ վարչության կատարած աշխատանքներին՝ նշելով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող այն աշխատանքները, որոնք նպաստում են մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Հայաստանում կան ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ. իրենք պարբերաբար այցելում են տարբեր գյուղեր և քաղաքներ, ծանոթանում նրանց խնդիրներին, ջանում գտնել դրանց լուծման ուղիները։ Թեմայի վերաբերյալ խոսք ասաց Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը։ Նա ասաց, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում՝ որպես այդպիսին, մեր երկրում չկա։ Ուղղակի որոշ անբարեխիղճ տեղական չինովնիկներ, շրջանցելով օրենքը, երբեմն խնդիրներ են առաջացնում այլազգիների, նաև հայերի համար։ Ըստ նրա, ռուսալեզու դպրոցներում որոշ առարկաներ հայերեն ուսուցանելու պատճառը ոչ թե մասնագետների պակասն է, այլ տվյալ դասարաններում ռուսալեզու աշակերտների անբավարար քանակը։
Ելույթ ունեցավ նաև ՀՀ հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերով հանձնաժողովի նախագահ ազգությամբ հույն Էդուարդ Փոլադովը: Նա նշեց, որ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում ու նաև այժմ ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր երկրում խտրականություն, տարբերակված մոտեցում չի եղել։ Իսկ այն հարցերը, որոնց մասին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բարձրաձայնեցին, պետք է ներկայացնել ՀՀ կառավարությանը։
-Համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը լուծում կտա բոլոր հիմնահարցերին, մանավանդ, որ դրա համար կան օրենսդրական բոլոր հիմքերը,- ասաց նա։
Ներկա էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արամայիս Մելքոնյանը, որն իր պատրաստակամությունը հայտնեց ամենայն կերպ աջակցելու մեր մարզում ապրող ազգային փոքրամասնություններին:
Ելույթ ունեցան նաև ռուսական համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես խոսվեց Ստեփանավանում գտնվող կազակական գերեզմանների անխնամ վիճակի մասին: Եղավ մեր մարզի դպրոցների ռուսալեզու աշակերտներին մեկ կրթօջախում համախմբելու առաջարկ, որը թույլ կտա նրանց հետ պարապմունքներն անցկացնել իրենց մայրենի լեզվով։ Արտահայտվեցին նաև այլ տեսակլետներ։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Վանաձորի ուկրաինական համայնքի ՙՎերբիչենկո՚ երգչախումբը՝ կատարելով ժողովրդական երգեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-18 17:45:55