Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են

23.10.2013

Պետական, քաղաքական անվանի գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները հաջորդում են մեկը մյուսին:
Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մի շարք պաշտոնատար անձինք, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներ, «Լոռու ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, մտավորականներ, մանկավարժներ, Ա. Քոչինյանի հարազատներից այցելեցին Վանաձորի Անտոն Քոչինյանի անվան հրապարակ, ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին քաղաքական գործչի հուշարձանին:
Նույն օրը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Թատրոնի նախասրահում կազմակերպվել էր գործչի կյանքին ու գործունեությանը նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցադրություն, որը ներկայացնում էր Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ թատերականացված տեսարաններով ներկայացվեց Անտոն Քոչինյանի կյանքն ու գործունեությունը: Ներկայացման մեջ ներգրաված էին Հովհ. Աբելյանի անվան թատրոնի արտիստները, Վանաձորի կամերային երգչախումբը «Հորովել» երգի-պարի համույթը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Իր խոսքում նա մասնավորապես նշեց.
-Յուրաքանչյուր տարելից, մանավանդ 100-ամյա հոբելյանն, իր մեջ ներառում է հիշարժան այնպիսի իրադարձություններ, որոնք հասարակության կյանքում ունեցած իրենց դերով վառ են պահում տվյալ անհատի կերպարը: Այդ տեսակետից Անտոն Երվանդի Քոչինյանը, որպես պետական և քաղաքական գործիչ, Խորհրդային Հայաստանի պատմությունից մեզ է հառնում որպես տնտեսական հզորացման և երկրի զարգացման երախտավոր հայրենասերի կերպար: Բազմաթիվ իրողություններ հիմք են տալիս մեզ այսօր ասելու, որ Անտոն Քոչինյանը մեկն էր այն հայրենասեր ղեկավարներից, ով, խորապես գիտակցեց իր տեղն ու դերը հարազատ ժողովրդի և իր ազգի շահերի պաշտպանության դիրքերում: Նա մեկն էր այն հազվագյուտ ղեկավարներից, ովքեր բազմիցս վտանգելով իրենց կարիերան ու հեղինակությունը կարողանում էին Կրեմլում լուծել այնպիսի հարցեր, որոնք կենսականորեն անհրաժեշտ էին հայ ժողովրդի ազգային ինքնությունը, դարավոր մշակույթը պահպանելու և ապագայում իր տեսլականներն իրականացնելու համար: 1966 թ. նա համարձակություն ունեցավ Կրեմլում բարձրացնելու Արցախը մայր հայրենիքին միավորելու հարցը: Եվ պատահական չէ, որ մինչև պաշտոնավարման վերջը Անտոն Քոչինյանը Կրեմլի ղեկավարության աչքում մնաց որպես նացիոնալիստ գործիչ:
Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը.
-Անհատականություններն, ովքեր ծնվում են ժողովրդի ծոցից, կերտում են այդ ժողովրդի պատմությունը, դառնում այդ ժողովրդի առաջնորդը, գործում հանուն այդ ժողովրդի բարօրության: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց, ովքեր մեծ ծառայություններ են մատուցել մեր պետականության կայացման ու ժողովրդի համար,- ասաց Սեպուհ սրբազանը:
Սերգո Երիցյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը ականավոր գործչի հոբելյանը նախաձեռնելու և մի շարք միջոցառումնեով արժևորելու համար:
Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին: Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիված պետական և քաղաքական ականավոր գործչին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36