Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցել են նաև Լոռու մարզի ներկայացուցիչները

23.10.2013

Հոկտեմբերի 16-18-ը Ֆրանսիայի հանրապետության Ռհոն Ալպ մարզի Վալանս քաղաքում Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:
Վալանսում տեղի ունեցած երկրորդ համաժողովին մասնակցել է մեծ պատվիրակություն Հայաստանի հանրապետությունից, որը ղեկավարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Լոռու մարզը ներկայացրել են մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի քույր քաղաքների, Տավուշի, Գեղարքունիքի,Վայոց Ձորի մարզերի ղեկավարները:
Լոռու մարզն ավելի քան 16 տարի համագործակցում է Ֆրանսիայի հանրապետության Պրովանս Ալպ կոտ Դ՚ Ազյուր ռեգիոնի հետ: Ըստ Լևոն Ասլանյանի, համաժողովի աշխատանքներն ընթացել են նպատակաուղղված՝ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում: Նախապես ստեղծվել են տուրիզմի, կրթության և մշակույթի, տեղական տնտեսության և գյուղատնտեսության զարգացմանը խթանող աշխատանքային 4 խմբեր:
Տեղական տնտեսության զարգացման աշխատանքային խմբի համաղեկավարներ են հանդիսացել Լոռու մարզպետը և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Պարակյանը: «Տեղական տնտեսություն» թեմատիկ աշխատանքային խմբի կազմում հայկական կողմից պատասխանատուներ են հանդիսացել Լոռու մարզպետարանը և Արթիկի, Երևանի, Գյումրիի, Արտաշատի ու Արմավիրի քաղաքապետարանները:
Լոռու մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, հանդես է եկել նաև զեկույցով.
-Որքանով զարգացած է համայնքը, այնքանով զարգացած է մարզն ու երկիրը: Մեր աշխատանքում կարևոր է, թե ինչ հանրային քաղաքականություն է իրականացվում համայնքների կողմից տեղական տնտեսության զարգացմանը նպաստելու համար, տնտեսական կառավարման ինչ գործիքներ են օգտագործվում, ինչ հնարավորություններ և նորարարական փորձ է ներդվում՝ ի շահ բնակչության: Հայաստանի համայնքների միությունը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը լուրջ նախապատրաստական աշխատանքներ են կատարել համաժողովի կազմակերպման և անցկացման համար՝ սերտորեն աշխատելով Ֆրանսիայի մեր գործընկերների հետ: Համայնքները պետք է կարողանան իրենց բնակավայրը գրավիչ և մրցունակ դարձնել, վարելով այնպիսի քաղաքականություն, որպեսզի ներդրողները շահագրգիռ լինեն փոխշահավետ գործունեություն ծավալելու համար: Տնտեսական զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնել տեղական ռեսուրսները, մարդկային ներուժը, մշակել առաջարկությունների փաթեթներ, պատրաստ լինել դրանք ներկայացնել ներդրողներին,- ասել է Լոռու մարզպետը:
Լոռու մարզի ներկայացուցիչներին առավել հետաքրքրել է Պրովանս Ալպ Կոտ Դ՚ Ազյուր ռեգիոնի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը: Ինչպես հայտնի է, ֆրանսիական կողմի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում Լոռու մարզում նախատեսվում է զարգացնել անասնաբուծությունը՝ մասնավորապես ոչխարաբուծությունը: Որպես տարածք ընտրվել է Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքը: Գյուղատնտեսության զարգացման աշխատանքային խմբում ծրագիրը ներկայացրել են ֆրանսիական կողմից ՊԱԿԱ ռեգիոնի անասնաբուծության ռեգիոնալ տան ղեկավարները և Լոռու մարզից՝ մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Համաժողովի ընթացքում բավականին ծավալուն աշխատանքներ են կատարվել: Փակման խոսքում հռչակագրով հանդես է եկել Վալանսի քաղաքապետ Ալման Մորիսը, նշելով այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակներում պետք է աշխատանքներ տարվեն առաջիկա երեք տարիների ընթացքում:
Ե՛վ համաժողովի ընթացքում, և՛ դրանից առաջ Արթուր Նալբանդյանը, Լևոն Ասլանյանը, Հասմիկ Մկրտչյանը հանդիպումներ են ունեցել ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանի և ծրագրերի պատասխանատու Լոռա Կառլոնի հետ, ներկայացվել են ֆրանսիական կողմի աջակցությամբ Լոռու մարզում իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները, նախանշվել են առաջիկա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27