Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված Անտոն Քոչինյանի ծննդյան 100-մյակին

21.10.2013

Հոկտեմբերի 19-ին Վահագնի գյուղի Անտոն Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցի բակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված պետական անվանի գործիչ Անտոն Երվանդի Քոչինյանի 100-ամյակին։ Մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Վանիկ Ասատրյանը և Տիգրան Բադոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնրորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Ա. Քոչինյանի պետական հոբելյանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, Անտոն Քոչինյանի հարազատներ և այլոք։ Բացման խոսք ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
-Այսօր մենք կազմակերպիչն ու մասնակիցն ենք այն նշանակալից իրադարձության, որի մասին խոսվել է տարիներ շարունակ, որի կայացումը բազմաթիվ մարդկանց ցանկությունն է եղել: Մենք արժևորում ենք մեր ժողովրդի երախտավոր զավակի՝ նշանավոր պետական գործչի վաստակն ու հիշատակը՝ նրա կիսանդրին բացելով իր ծննդավայրում: Պետական, քաղաքական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանը մեկն էր այն հայրենասեր ղեկավարներից, ովքեր, լինելով կոմունիստական հասարակարգի ղեկավարման բարձրագույն ատյաններում, խորապես գիտակցում էին իրենց տեղն ու դերը հարազատ ժողովրդի և ազգի շահերի պաշտպանության դիրքերում: Նրա անվան և աշխատանքային գործունեության հետ են կապված Խորհրդային Հայաստանի շուրջ երեք տասնամյակների զարգացման քայլերը, կառավարման և ժողովրդական տնտեսության բնագավառներում ձեռք բերած հաջողությունները,- ասաց Ա. Նալբանդյանը։
Օրհնության խոսք ասաց Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը։ Գուգարաց թեմի առաջնորդի առաջարկով բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին Ա. Քոչինյանի հիշատակը։
Վլադիմիր Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ բախտ է ունեցել աշխատելու Անտոն Քոչինյանի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին և կառավարությանը, որոնց նախաձեռնությամբ են կազմակերպվում հայ ժողովրդի նվիրյալ զավակ Անտոն Քոչինյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Նա նշեց, որ Ա. Քոչինյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանը դարձել է զարգացած արդյունաբերական երկիր, հաջողություններ են արձանագրվել բոլոր բնագավառներում։ ՀՀ կառավարությունն, ինչպես հայտնի է, զգալի միջոցներ է հատկացրել Վահագնի գյուղի ճանապարհը կառուցելու համար։ Նա ուրախությամբ նշեց, որ պետբյուջեից 60 մլն դրամ է հատկացվել Վահագնիի դպրոցի մարզադահլիճը վերակառուցելու նպատակով։
Ա. Քոչինյանի կյանքի ու գործունեությանն անդրադարձավ Վանաձորի պատվավոր քաղաքացի ՀԿԿ Կիրովականի քաղկոմի երկարամյա առաջին քարտուղար Հայկ Օհանյանը՝ հիշեցնելով, որ Քոչինյանի օրոք է կառուցվել «Ավտոմատիկա», ճշգրիտ հաստոցների, լուսատեխնիկական գործարանները, հիմնադրվել «Ավտոմատիկա» կոնստրուկտորական ինքնուրույն բյուրոն, քիմիայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտը և այլ հաստատություններ։ Նա նշեց նա, որ Ա. Քոչինյանը մեծ ուշադրություն էր դարձրել գյուղերի զարգացմանը:
Ներկաներին ողջունեց «Լոռու ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:
Ա. Քոչինյանի եղբորորդին՝ Սամվել Քոչինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իշխանություններին՝ ցուցաբերված հարգանքի և մեծարանքի համար։
Դպրոցի բակում տեղադրված Ա. Քոչինյանի կիսանդրու բացման պատիվն ընձեռվեց Սամվել Քոչինյանին և համայնքապետ Պետրոս Քոչինյանին։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Սարգիս Ղարիբյանը:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ դպրոցի բակում կազմակերպվել էր նաև գեղարվեստական միջոցառում:


Անտոն Քոչինյանի հոբելյանական տարելիցին նվիրված ևս մեկ միջոցառում տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ժամը 17.30-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53