Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոն-2013»

14.10.2013

Հոկտեմբերի 12-ին Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստի գոտում  Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց ավանդական դարձած Լոռու մարզային «Բերքի տոն» տոնակատարությունը:  Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը,  համայնքների ղեկավարներ, հյուրեր:

Տոնակատարության մասնակիցներին մարզի բոլոր տարածաշրջանների ավանդույթները բնութագրող ուրախ երգ ու պարով, թատերականացված տեսարաններով դիմավորում էին Թումանյանական հեքիաթների հերոսները: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Մայիս Սարգսյանը՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կերպավորմամբ իր  ողջերթի  ու խրատական խոսքն էր հղում  ներկաներին:

Ավանդույթի համաձայն մարզի բոլոր համայնքները ներկայացել էին առատ բերք ու բարիքով, ոչ ավանդական մշակաբույսերով, հետաքրքիր ուտեստներով: Տաղավարների յուրօրինակ  ձևավորումներով համայնքները  չէին զիջում մեկը մյուսին: 

Բոլորի տրամադրությունն առավել քան տոնական էր:

Տոնակատարության մասնակիցներին ողջունեց, հյուրերին բարի գալուստ մաղթեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում ուրախությամբ նշեց, որ Լոռու մարզում տարին բերքառատ է եղել, կարևորեց կառավարության մեծ աջակցությունը՝ գյուղական համայնքների բնակիչներին: Օրհնանքի խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:

Ավանդույթի համաձայն պարգևներ՝ պատվոգրեր և շնորհավորագրեր հանձնվեցին մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքներին և գյուղատնտեսներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից պարգևատրվեցին  «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ռուբեն Հարությունյան)՝ հաղթող ճանաչվելով «Լավագույն կաթ վերամշակող ձեռնարկություն» անվանակարգում, Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը՝ որպես «Գյուղատնտեսության նշանակության հողատեսքերը լիարժեք օգտագործող լավագույն համայնք», Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը՝ «Հացահատիկային մշակաբույսերից առավել բարձր բերք ապահովող լավագույն համայնք», Սարալանջ համայնքի բնակիչ Ռազմիկ Զաքարյանը՝ որպես «Լավագույն մեղվաբույծ»: 

Մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և Լոռու մարզպետի պատվոգրերի արժանացան Վոլոդյա Եղիազարյանը («Լավագույն անասնաբույժ»), Կաթնառատի կաթի գործարանի տնօրեն Գեղամ Բաղդասարյանը («Կաթի վերամշակման ոլորտում բարձր ցուցանիշներ ապահոված լավագույն կազմակերպություն»), Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը («Գյուղատնտեսական աշխատանքներն անկորուստ կազմակերպելու համար լավագույն համայնք»), Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանը («Լավագույն ոչխարաբուծական տնտեսություն»), Ղուրսալ համայնքը՝ համայքի ղեկավար՝ Մհեր Մինասյան («Մսի արտադրության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահոված լավագույն համայնք»), «Բոզոյան» ՍՊԸ-ն՝ տնօրեն Ջոն Պողոսյան, («Հացահատիկային մշակաբույսերի բարձր վերարտադրություն ապահոված լավագույն կազմակերպություն»):

Մարզի բնապահպանական միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար պարգևատրվեց  «Լոռու զարգացման կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպությունը՝ ղեկավար Հրանտ Այվազյան, Լոռու մարզի տնտեսությունների  հետ սերտ համագործակցելու և «Բերքի տոն 2013» տոնակատարության կազմակերպումն ու անցկացումը պարբերաբար հովանավորելու համար՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի «Լոռի» մասնաճյուղը՝ կառավարիչ Արտաշես Այվազյան: Մարզի գյուղատնտեսական ոլորտը բարձր մակարդակով լուսաբանելու համար պարգևատրվեց «Ֆորտունա»  հեռուստաընկերությունը, Լոռու մարզի գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին բարձր մակարդակով մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու համար՝ «Լոռու ԳԱՄԿ» ՓԲԸ-ն՝ տնօրեն Մանվել Գրիգորյան:

 Մի շարք ցուցանիշներով մարզի լավագույն համայնքներ ճանաչվեցին և շնորհակալագրերով ու նվերներով պարգևատրվեցին Մեծ Պարնի, Օձուն, Տաշիր, Ֆիոլետովո, Յաղդան համայնքները, անհատներ ու տնտեսվարողներ:

«Բերքի տոն-2013»-ին ակտիվորեն մասնակցելու, գյուղատնտեսական մթերքների ցուցանմուշները գեղեցիկ ձևավորելու և ցուցադելու համար  լավագույն համայնքներ ճանաչվեցին Լեռնապատը, Մարգահովիտը,Գյուլագարակը, Լեռնավանը:

Տոնակատարությունը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով: Միջոցառմանն  ուրախ տրամադրություն էին հաղորդել  մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից ժամանած անհատ կատարողները, պարային խմբերը: Առաջին անգամ տոնակատարությանը մասկացում էր նաև լարախաղաց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-09-18 17:07:44