Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի զինվորական հոսպիտալը քսանմեկ տարեկան է
11.10.2013
1992 թվականին, այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով, կազմավորվեց առաջին զինվորական կայազորային հոսպիտալը Վանաձորում՝ Արկադի Հարությունյանի ղեկավարությամբ: Այդ օրից անցել է շուրջ քսանմեկ տարի, և այս ընթացքում Վանաձորի հոսպիտալը շատ դժվար օրեր է ապրել, բայց իր ղեկավարների, աշխատակազմի շնորհիվ կարողացել է հաղթահարել դրանք ու առաջ շարժվել: Այս ընթացքում հոսպիտալը տարբեր ղեկավարներ է ունեցել, նվիրյալ անձինք, ովքեր շարունակում են իրենց աշխատանքը նոր սերնդի հետ միասին: 2007 թվականից մինչ այսօր հոսպիտալը ղեկավարում է իր գործի նվիրյալ, փորձառու բժիշկ Գագիկ Մարտիրոսյանը: Հոսպիտալի կազմավորման քսանմեկամյակի առիթով օրերս տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Առավոտյան հոսպիտալի պետ Գ. Մարտիրոսյանը տասնյակ աշխատողների խրախուսական պարգևներ, պատվոգրեր հանձնեց, մաղթեց բարի ծառայություն, գործին նվիրվածություն ու հաջողություններ: Գլխավոր հանդիսությանը մասնակցեցին պաշտոնատար անձինք ՀՀ պաշտպանության նախարարությունից և Լոռու մարզպետարանից: Արարողությանը ներկա էր նաև Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ով շնորհավորեց հոսպիտալի անձնակազմին տոնական օրվա առիթով ապա օրհնեց մատաղը: Իսկ Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից շնորհակալագիր և հեռուստացույց հանձնեց հոսպիտալին: Միջոցառմանը տոնական տրամադրություն հաղորդեցին Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի կատարումները: