Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլեր

11.10.2013

Հոկտեմբերի 11-ին Ստեփանավան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլեր Հայասատան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության ծրագիր» խորագրով առաջին համաժողովը: Ծրագիրը, որ ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, Հայաստանին և Վրաստանին տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում: Եվրոպական միությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում նպաստում է միջսահմանային կապերի, հարաբերությունների ամրապնդմանը, երկու երկրների իշխանությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության միջև՝ տարածաշրջանային զարգացման, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված միասնական որոշումների ընդունման նպատակով:
Համաժողովը երկու նպատակ ուներ. երկու երկրների սահմանային բնակավայրերում գործող պետական և հասարակական կառույցներին տեղեկացնել ծրագրին մասնակցելու դեպքում առկա հնարավորությունների և առավելությունների մասին, ինչպես նաև մտքերի արտահայտման հարթակ և խոսափող տրամադրել՝ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների և նախադրյալների վերաբերյալ լայն քննարկումների համար:
Համաժողովին մասնակցում էին Հայաստանի Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին, Համագործակցային ընկերության խմբի ղեկավարներ, Եվրամիության փորձագետներ, սահմանային բնակավայրերի ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսք ասացին Վաչե Տերտերյանը, Արթուր Նալբանդյանը, Թենգիզ Շերգելաշվիլին, Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի փորձագետների խմբի ղեկավար Ալեքսեյ Սեկարյովը, Հայաստանի հանրապետությունում Եվրամիության ներակայացուցիչներ:
Գոհունակություն հայտնելով Արևելյան գործընկերության կողմից հաստատված տարածքային համագործակության ծրագրերի մշակման ու կազմակերպման համար՝ Վ. Տերտերյանը նշեց, որ դրանք կծառայեն ի նպաստ երկու տարածաշրջանների զարգացման:
Լոռու մարզպետն իր խոսքում մասնավորապես նշեց, որ ՀՀ կառավարության օժանդակությամբ ու վերահսկողությամբ, ոլորտային գերատեսչությունների ծրագրերին համահունչ, արդեն մշակվել և մեկնարկել է 2013-2017 թ.թ. զարգացման ծրագիրը: Դրանում ներառնված հիմնախնդիրերը, որոնք առաջնային են մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համար, մեծ չափով համահունչ են նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրային նախատեսումներին:
-Հանգամանորեն ծանոթանալով Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրային դրույթներին, ես, ակեղծ ասած, համակվեցի լավատեսությամբ և դրանք կյանքի կոչելու դրական լիցքերով: Լոռու մարզի առաջնահերթություններն այդ մասով համընկնում են ԵՄ նպատակների հետ: Կարծում եմ, որ համայնքների կենսապայմանների բարելավաման, բնապահպանության, զբաղվածության, հանրային առողջության և տնտեսական ու սոցիալական զարգացմանը միտված նպատակները, որոնք ներառված են համագործակցության ծրագրում, առաջնահերթ լուծելի հարցեր են ոչ միայն մեր՝ Լոռու մարզի, այլև ծրագրում ընդգրկված և համագործակցող երկրների մարզերի ու տարածաշրջանների համար: Ուստի, համոզված եմ, որ մեր գործընկերները նույնպես այս համագործակցության մեջ շահագրգիռ և պատրաստակամ կլինեն,- ասաց Ա. Նալբանդյանը:
Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի ռազմավարությունը ներկայացրեց Ա. Սեկարյովը: Տարածաշրջանային համագործակցության ծրագրի հեռանկարների և առկա հնարավորությունների վերաբերյալ զեկույց ներկայացրեցին երկու երկրների փորձագետները, բանախոսները՝ հարցերը դիտարկելով տարածարջաններում առկա խնդիրների տեսանկյունից: Ծավալվեց բուռն քննարկում, եղան հարց ու պատասխաններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 10:28:53