Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը

09.09.2013

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը` ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը, սեպտեմբերի 7-13-ը, արդեն ութերորդ անգամ Լոռու մարզի Դսեղ գյուղում կազմակերպել էր Տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն։ Ըստ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի տնօրեն Արմեն Սաֆարյանի` փառատոնը նպատակ ունի ծառայել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը, տիկնիկային արվեստի զարգացմանը, անհատի և ապագա քաղաքացու ձևավորմանը:
-Արդեն ավանդական դարձած այս փառատոնի հիմնական նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը Հայաստանի մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, Արցախում և Ջավախքում: 2006 թվականից այս փառատոնը գոյություն ունի, որի մասին ես երազում էի: Մեր նպատակն է ստեղծել հեքիաթի տոն: Արդեն ութերորդ տարին է` միայն արտերկրի 24 երկրներից տարբեր թատերախմբեր են եկել Դսեղ և ելույթ ունեցել Լոռու մարզում: Մեր փափագն է՝ Թումանյանի անունը ավելի բարձրացնել։ Մինչ այսօր մեր փառատոնի շնորհիվ 78 երկրներում են ճանաչել մեծ բանաստեղծին: Այս տարի փառատոնին մասնակցում են վեց երկրներ,- նշեց Ա. Սաֆարյանը:
Ինչպես նշեցին փառատոնի մասնակիցներից շատերը՝ դսեղյան փառատոնը, աշխարհի բոլոր փառատոների նման նպաստում է ժողովուրդների բարեկամությանը, տարբեր ազգերի մշակույթների մերձեցմանը, տիկնիկային արվեստի բնագավառում ժամանակակից ձեռքբերումների փոխադարձ ծանոթացմանը, փորձի փոխանակմանը:
Այս տարի ևս փառատոնին և նրա շրջանակում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներին ու տոնախմբություններին մասնակցելու համար Երևանից և հանրապետության տարբեր մարզերից Դսեղ էին ժամանել բազմաթիվ հյուրեր, արվեստի գործիչներ, մտավորականներ, Լոռու մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Դսեղ գյուղի հրապարակում` Հովհ. Թումանյանի արձանի մոտ:
Ժյուրիի պատվավոր նախագահն էր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը:
-Մեր նոր պետության ամենալավ պտուղներից մեկն էլ այս փառատոնն է: Իմ կարծիքով՝ լավագույնն է, որովհետև ուղղված է երեխաներին, և ժողովուրդը սիրեց այս փառատոնը: Սա իմ ամենամեծ տոնն է, որին մի ամբողջ կյանք եմ նվիրել,- ասաց Ե. Մանարյանը:
Տոնախմբությունից հետո բոլորը հրավիրվեցին փառատոնի առաջին ներկայացումը դիտելու:
Փառատոնի բոլոր օրերին Դսեղի մշակույթի տանը և գյուղապետարանի դահլիճում մարզի երեխաների և բոլոր հյուրերի համար կցուցադրվեն անվճար ներկայացումներ: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես կգան Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի, Էջմիածնի, Ախալքալակի, Սպիտակի, Դսեղի, Մրգաշատի, Մեծամորի, Շուշիի տիկնիկային թատրոնները, ինչպես նաև ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծված 4 տիկնիկային թատրոնները:
Փառատոնին մասնակցելու նախնական հայտեր են ներկայացրել տիկնիկային թատրոններ Վրաստանից, Բելգիայից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Դանիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Գերմանիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ալժիրից, Ուկրաինայից, Չեխիայից, Ղազախստանից, Թուրքմենիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև թատրոններ Արցախից, Ջավախքից և Հայաստանի տարբեր մարզերից:
Փառատոնի կազմկոմիտեն, ինչպես անցած փառատոնի ժամանակ, այս տարի նույնպես «Կարապետ» մրցանակ է շնորհելու առավել աչքի ընկած տիկնիկային գործիչներին, իսկ ավարտին նախատեսվում է հրավառություն Դսեղի և մերձակա գյուղերի երեխաների, բոլոր մասնակիցների համար: Փառատոնը հովանավորել են ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, «Զիգզագ», «Գրանդ Քենդի», «Սելենա Սերվիս» ընկերությունները:
-Այստեղ՝ Դսեղում, արդեն ութերորդ անգամ եկել են այն մարդիկ, ովքեր ցանկանում են խաղաղ, ստեղծագործ, բարի և տոնակատարությամբ լեցուն կյանք պարգևել մոլորակին: Շնորհակալություն բոլոր հովանավորներին ու աջակիցներին, հատկապես Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին,- ասաց Ա.Սաֆարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53