Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը ծանոթացավ շինաշխատանքների ընթացքին

06.09.2013

Սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանում էր մարզպետ Ա. Նալբանդյանը: Հագվի համայնքում նախորդ տարի սկսվել են համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներ, իսկ այժմ արդեն համայնքային կենտրոնը պատրաստ է շահագործման: Լոռու մարզպետը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի վարչության պետեր եղան նորակառույց համայնքային կենտրոնում, գնահատեցին իրականացված աշխատանքները: Պետական միջոցներից շինարարության համար հատկացվել է 32 մլն դրամ։ Ճարտարապետական գեղեցիկ լուծումներով շենքի տեղում մինչև նախորդ տարի կանգուն էր Հագվու ակումբի շենքը, որը 1937 թվականի կառույց էր ու վթարային, իսկ գյուղապետարանը տեղակայված էր գրադարանում: Ակումբի վերանորոգման հարցով Հագվու գյուղապետը տարիներ շարունակ դիմել է տարբեր պաշտոնյաների։ Ի վերջո, խնդիրը ստացավ իր լուծումը: Բացի համայնքային կենտրոնի կառուցումը, գյուղում զգալի աշխատանքներ են կատարվել նաև ճանապարհների բարեկարգման ուղղությամբ: «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից համայնքներին հատկացվող բնապահպանական սուբվենցիաների հաշվին այս տարի գյուղում շուրջ 30 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել: Իսկ այս տարվա ընդհանուր բնապահպանական մասհանումը Հագվի համայնքին կազմել է շուրջ 50 մլն դրամ: 2014 թվականի բնապահպանական միջոցներից հաջորդ տարի 22 մլն դրամ կհատկացվի Հագվու համայնքային ճանապարհների ասֆալտապատման նպատակով: Այս տարի գյուղում տեղադրվել է նաև հակակարկտային կայան, գազիֆիկացվել է գյուղի թաղամասերից մեկը: Հագվի գյուղում տարիներ շարունակ շինարարական գրեթե ոչ մի ծրագիր չէր իրականացվել, իսկ վերջին երկու տարում գյուղում մեկը մյուսի հետևից իրականացվում են նոր ծրագրեր: Շինարարական աշխատանքներից մարզպետը գոհ է. ևս մի քանի օր, և բոլոր հարմարություններով շենքը հնարավոր կլինի շահագործել:
Նույն օրը Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում Լոռու մարզպետն ացնկացրեց արտագնա խորհրդակցություն Թումանյանի տարածաշրջանի համայքների ղեկավարների հետ: Նիստի օրակարգում 5 հարց էր: Առաջինը վերաբերում էր սեփական եկամուտների հավաքագրմանը: Տարվա 9 ամսվա կտրվածքով Թումանյանի տարածաշրջանում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 92 տոկոս, մարզի տարածաշրջաններից հարկերի հավաքագրման առումով բոլոր ցուցանիշներով հետ է Թումանյանի տարածաշրջանը: Համայնքների ղեկավարների հետ մարզպետը խոսեց նաև գյուղատնտեսական աշխատանքների մասին, մասնավորապես՝ աշնանացանի և դրա հետ կապված խնդիրների։ Քննարկվեց նաև համայքներում տեղեկատվական համակարգերի արդիականացման հարցը, գյուղապետերի հետ հանդիպման ընթացքում խոսվեց նաև առաջիկայում սպասվող միջոցառումների մասին: Ապա Լոռու մարզպետն անցկացրեց բնակիչների ընդունելություն, որից հետո այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն, որի գլխավոր մասնաշենքի հիմնանորոգումը գրեթե ավարտված է: Մինչև դեկտեմբեր աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ միայն բժշկական կենտրոնի 2 մասնաշենքերի հիմնանորոգումն արժեցել է շուրջ 570 մլն դրամ, երկու մասնաշենքերի վերազինման համար նախատեսվել է 370 մլն դրամ ներդնել: Ալավերդու բժշկական կենտրոնն այժմ սպասարկում է տարածաշրջանի 4 քաղաք և 27 գյուղ:
Ա. Նալբանյանը եղավ նաև նոր կառուցվող դիահերձարանի տարածքում: Արդեն շուրջ 2,5 ամիս է՝ սկսված են նաև Ալավերդու դիահերձարանի շինարարական աշխատանքները, շինարարությունն ընթանում է ըստ սահմանված ժամանակացույցի: Առողջապահական ոլորտում շենքային պայմանների բարելավման և վերազինման ծրագրեր իրականացվում են նաև մարզի այլ համայքներում։ Մասնավորապես՝ Ախթալա համայնքում ընթացքի մեջ է առողջության կենտրոնի շենքի կառուցումը։ Իսկ Ալավերդու բժշկական կենտրոնի հիմնանորոգման ծրագրում վերջերս ավելացել է ևս մեկ ծրագիր: Նախատեսվում են բժշկական կենտրոնի ամբողջ բակի հարդարման աշխատանքներ, նաև նոր պարսպի կառուցում, իսկ ներկայիս դիահերձարանի տարածքում կկառուցվի շտապօգնության մեքենաների կայանատեղի: Այս ծրագրի իրականացման համար կհատկացվի շուրջ 70 մլն դրամ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59