Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց ներառական ճամբար

24.08.2013


Օգոստոսի 24-ին Ստեփանավանում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Այս անգամ մարզի ղեկավարը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի և
« Երուսաղեմի Սուրբ Ղազար Օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյանի ուղեկցությամբ, այցելեց «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպության ամառային ներառական ճամբար։ Մարզպետը շրջեց ճամբարի տարածքում, ծանոթացավ պայմաններին, ապա զրուցեց երեխաների հետ։ Վերջիններս հյուրերի պատվին կատարեցին Հայաստանի օրհներգը՝ հավաստելով, որ իրենց օրն այստեղ սկսվում է հենց օրհներգի կատարմամբ։
«Լիարժեք կյանք» հկ նախագահ Սուրեն Մաղաքյանը մարզպետին նաև ծանոթացրեց բոչիա (boccia) խաղի կանոններին, որը հաշմանդամային սպորտի տեսակ է և ճամբարականների առօյայում մեծ տեղ է զբաղեցնում։ Ճամբարում մարզպետին ոգևորեց այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող երեխաներից բացի, այստեղ կան նաև ոչ հաշմանդամ երեխաներ։Իսկ հետագա համագործակցության առումով Ա. Նալբանդյանը հասարակական կազմակերպություններից ակտիվություն է ակնկալում՝ նշելով, որ «Լիարժեք կյանքն» այդ խնդիրը չունի։
Հյուրերը դատարկաձեռն չէին եկել. Ժ. Հեքիմյանը երեխաներին տարբեր բնույթի խաղեր և խաղալիքներ հանձնեց` նշելով, որ արդեն երեք տարի է համագործակցում են
«Լիարժեք կյանքի» հետ, և այս ճամբարում հանգստանում են նաև իրենց շահառու երեխաները։ Օգոստոսի 25-ին էլ «Ճամբար-2013»-ի փակման հանդիսավոր արարողությունն էր, որին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր և հայտնի երգիչներ։ Հավելենք, որ այս տարի ամառային ներառական ճամբարում հանգստացան ընդհանուր թվով 150 երեխաներ, որոնցից 98-ը` հաշմանդամություն ունեցող, մնացյալը` սոցիալապես անապահով ընտանիքներից՝ ՀՀ տարբեր քաղաքներից և Արցախից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-13 15:19:22