Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մաթևոսյանական տոն՝ Շամուտում եւ Ահնիձորում

23.08.2013

2005 թվականին Մոտկորի սրբավայր կոչվող վայրում, Շամուտ գյուղի հարևանությամբ կառուցվեց ենթաշրջանում առաջին և մինչ օրս միակ մատուռը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, ապա՝ 1905-2005 թթ. Մոտկորի անմեղ զոհերին նվիրված խաչքարը, տեղադրվեց նաև Հրանտ Մաթևոսյանի արձանը: Նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետ Սամվել Վանեսյանինն էր: Արդեն ութ տարի է՝ պարբերաբար այս սրբավայրում է հավաքվում Մոտկոր աշխարհի՝ Աթան, Շամուտ, Լորուտ և Ահնիձոր գյուղերի բնակչությունը: Այս տարի էլ օգոստոսի 22-ին Մոտկորի բնակիչները, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Լոռու մարզի պաշտոնատար և հոգևոր այրերը, գրողներ, մտավորականներ այցելեցին Շամուտ գյուղ՝ ծաղիկներ դնելով Հ. Մաթևոսյանի արձանին և խաչքարին: Խաչքարի մոտ հոգեհանգստյան արարողություն կատարեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: ՀՀ գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանն իր խոսքում տեղեկացրեց, որ անցած տարի Հ. Մաթևոսյանի արձանի բացման ժամանակ Ս. Վանեսյանը խոստացել էր, որ մեկ տարի հետո գրողի կիսանդրին կբացվի նրա հայրենի գյուղի դպրոցում։ Խոստումը կատարված է, և օրվա հաջորդ հանդիսությունը Ահնիձորում կլինի։
Օրը տոնական էր հատկապես Հ. Մաթևոսյանի հայրենի գյուղի՝ Ահնիձորի բնակիչների համար: ՀՀ պետբյուջեից հատկացված 12 մլն դրամով վերանորոգվել է գյուղի միակ դպրոցը, որն ունի 24 աշակերտ։ Դպրոցում ևս Ս. Վանեսյանի նախաձեռնությամբ տեղադրվել է Հ. Մաթևոսյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է:
Դպրոցի բակում օրհնանքի խոսք ասաց Սեպուհ սրբազանը։ Վերանորոգված կրթօջախի բացման պատիվը տրվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին և երկու աշակերտների: Դպրոցը կառուցվել է 1989 թվականին: Մինչ օրս վերանորոգվել էր ընդամենը մեկ անգամ՝ ֆրանսահայ բարերարների կողմից: Այս անգամ վերանորոգումն իրականացվեց պետբյուջեից միջոցներով: Համայնքը ևս իր աջակցությունն է ունեցել՝ աշխատուժի միջոցով:
  Հ. Մաթևոսյան արձակագրի մասին ջերմ խոսքեր ասացին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ բանաստեղծ Հրաչյա Սարուխանը, երգիծաբան, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, բանաստեղծ Մանվել Միկոյանը։ Հ. Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացումից մի հատված ներկայացրին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը և վաստակավոր արտիստ Ալլա Հովհաննիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55